Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.


Թուրքիան մնացել է առանց ադրբեջանական գազի

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, գազամատակարարման դադարեցման պատճառը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա առաջացած վթարն է եղել:

Ըստ կայքի' ադրբեջանական կողմը ջանքեր չի խնայում գազի մատակարարումը վերականգնելու համար: Այդուհանդերձ, վթարի հետևանքների վերացման ժամկետների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում:

 

***


Ադրբեջանը խախտում է Օլիմպիական խաղերի ժամանակ խաղաղություն պահպանելու ավանդույթը

Փետրվարի 8-ի գիշերը սահմանին կրկին լարվածություն է նկատվել: Ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը' կրակահերթեր արձակելով հայկական մարտական հենակետերի եւ բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նախորդ 2-3 օրերի համեմատությամբ երեկ լարվածությունը կրկին աճել է: «Հայկական զինված ուժերը պատասխան կրակ չեն բացել»,- ասաց Հովհաննիսյանը' հիշեցնելով, որ հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն ու չխախտել հրադադարի ռեժիմը: Ավելին' հայկական կողմն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչն ու պատրաստակամ է, որպեսզի Օլիմպիական խաղերի ժամանակ սահմանին իրավիճակը չսրվի և զոհեր չգրանցվեն:

Հայ դիրքապահները պատասխան գործողությունների են անցնում միայն, եթե ադրբեջանական կողմը դիմում է սադրիչ գործողությունների: Չնայած հրադադարի պահպանման հանձնառությանը' ադրբեջանական կողմը հաճախ է խախտում կրակի դադարեցման ռեժիմը' թե' դիպուկահարների միջոցով թիրախավորելով հայ դիրքապահներին ու խաղաղ բնակչությանը, թե' դիվերսիոն գործողություններով, որոնցից վերջինն իրականացրել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությամբ: Իսկ հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող Կարեն Գալստյանը:

 

***


Եվրամայդանում շաբաթօրյակ է հայտարարված

Ինչպես հայտնում է UNIAN-ը, այսօր Եվրամայդանում շաբաթօրյակ է հայտարարված: Այս մասին հաղորդում է Ազգային դիմադրության շտաբը:

Ըստ հաղորդագրության' «Մայդանի պահապաններն» այսօր կմաքրեն ձնածածկ փողոցներն ու գրավված տարածքներն աղբից: Մաքրման աշխատանքներին հրավիրված են բոլոր կիևցիներն ու ցանկացողները:

Հիշեցնենք, որ կիրակի Մայդանում տեղի կունենա հերթական «ժողովրդական վեչեն»:

 

***


Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետին հորդորել է ընդունել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կշտամբել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին' Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար, և կոչ արել «առերեսվել սեփական պատմությանը»: Այս մասին հայտնում է Hurriyet թերթի թուրքերեն տարբերակը:

Հաղորդվում է, որ պաշտոնական այցով Գերմանիա այցելած Թուրքիայի վարչապետը զգուշացրել է կանցլերին և նրա ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցությանն' ավելի զգույշ լինել գալիք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հարցում: «Մենք տեղյակ ենք, որ եկող տարի բյուջետայի հատկացումներ են արվելու ձեր երկրում 1915 թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցի համար: Ես խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել այս խնդրի շուրջ և զգուշացնել ձեր կուսակցությանը ցանկացած հատկացումների մասին»,- ասել է Էրդողանը:

Ի պատասխան Մերկելը պարբերաբար ասել է Էրդողանին, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, և իր կառավարությունը չի կարող միջամտել որոշումների կայացմանը:

«Թուրքիան պետք է հաշտվի սեփական պատմության հետ: Մենք չենք կարող Հայաստանում ապրող հայերին համեմատել հայերի հետ, ովքեր բռնի սփռվել էին աշխարհով մեկ»,- ասել է Մերկելը' հավելելով, որ Հայաստանի հայերն ապրում են դժվարին պայմաններում և հորդորել է Էրդողանին բացել սահմանը:

 

***


Հայաստանը 18.5 տոկոսով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը

Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 18.55 տոկոսով և կազմել 41 հազար 102 հատ: Ռուսաստանից ներմուծվել է 2,4 հազար մեքենա կամ ընդհանուր ցուցանիշի շուրջ 6 տոկոսը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկիր բերված ավտոմեքենաների ընդհանուր քանակի մոտ 61.5 տոկոսը կամ 25 հազար 257 մեքենա ունեցել է մինչև 5 հազար դոլար արժեք, իսկ 5-10 հազար դոլ ար արժողությամբ մեքենաների քանակը կազմել է 8 հազար 779 կամ ընդհանուր ցուցանիշի ավելի քան 21 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերթանկարժեք մեքենաների (30 հազար դոլարից թանկ) ներմուծումն անցյալ տարի 2012թ. համեմատ նվազել է 15 տոկոսով և 1567-ից դարձել 1332:
Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան վերջին տարիներին դրսևորում է աճի միտում: 2009-ին մեր երկիր է բերվել 17 հազար 296 մեքենա, 2010-ին՝ 20 հազար 297, 2011-ին՝ 29 հազար 388 մեքենա, 2012-ին՝ 34 հազար 672: