Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով ԺՀԿ-ի կողմից նշանակվել է Ստամբուլի նահանգի կուսակցական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, քննադատել է Ժողովրդահանրապետական կուսակցության այս որոշումը՝ շեշտելով, որ ԺՀԿ-ն այդ պաշտոնում նշանակել է մի մարդու, ով ժամանակին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

 

«Այդ մարդը, օգտագործելով«Հայոց ցեղասպանություն» եզրույթը, վիրավորել է մեր ազգին և նսեմացրել մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է հայտնվել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել է Էրդողանը:

Այս պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելուց 24 ժամ հետո Ստամբուլի դատախազությունն անդրադարձել է նրա թվիթերյան գրառումներին և «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքներով հետաքննություն սկսել:

Ջանան Քաֆթանջըօղլուն 2012 թ. իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

Ջանան Քաֆթանջըօղլուի նշանակումը, իշխանական շրջանակներից բացի, իրարանցում է առաջացրել նաև քեմալական կուսակցության ազգայնական թևի շրջանում: ԺՀԿ ազգայնական թևի ներկայացուցիչները պատրաստվում են կոչով պահանջել ոչ միայն Քաֆթանջըօղլուի, այլ նաև կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը: