Թուրքիայի Մարդինի քաղաքապետի պաշտոնից օրերս հեռացված ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքը, ով բազմիցս ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար, ձերբակալվել է: Ձերբակալությունը թուրքական իշխանությունները վերագրում են ահաբեկչության դեմ տարվող հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել էր Ահմեթ Թուրքին քաղաքապետի պաշտոնից: Նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:

 

Ահմեթ Թուրքը բազմիցս ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2014 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նա 1915 թվականի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից' ասելով. «1911-ին «Իթիհաթ վե թերաքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնել ալևիներին և ուծացնել քրդերին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»: