«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության 2014 թ. «լրատվության 100 հերոսների» (Information Heroes) ցուցակում ընդգրկվել են երկու թուրք լրագրողներ' T24 անկախ ինտերնետային թերթի մեկնաբան Հասան Ջեմալը եւ «Ռադիկալ» թերթի թղթակից Իսմայիլ Սայմազը: Նրանք ցուցակում ընդգրկվել են «թուրքական մամուլում ունեցած խիզախ հրապարակումների» համար:

 

Ադրբեջանի, Կամբոջայի, Էրիտրեայի, Բահրեյնի, Վիետնամի նման մամուլի նկատմամբ խիստ ճնշում գործադրող 65 երկրից լրագրողներ ներառող ցուցակում հայտնված Հասան Ջեմալը հանդիսանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ Թուրքիայի հասարակության մեջ հայկական հարցի նկատմամբ տաբուները վերացնելու գործում մեծ դերակատարություն ունեցած մտավորականներից մեկը:

 

Ինչպես հաղորդում է թուրքական gazeteciler.com լրատվական կայքը, Հասան Ջեմալին «լրատվության հերոսների» շարքին դաելու գործում զգալի ներդրում են ունեցել նրա համարձակ հարցազրույցները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ թեւի առաջնորդների հետ, ինչպես նաեւ «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը մեծապես նպաստել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության նկատմամբ կարծրացած հանրային կարծիքի փոփոխությանը:

 

Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պարագլուխներից մեկի' Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշայի թոռն է: Ջեմալ փաշան սպանվել է 1922 թ. հուլիսին Թբիլիսիում' հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գեւորգյանի եւ Պետորս Տեր-Պողոսյանի կողմից: