Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկաների հարցով վարչության գլխավոր տնօրեն Բերքան Փազարջին քննադատել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Էկտոր Թիմերմանին' Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արգենտինայի դիրքորոշման համար:
«Նման դիրքորոշումը չի օգնի Արգենտինային բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Buenos Aires Herald-ը, լատինաամերիկյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշել է թուրք պաշտոնյան:
2006 թվկանին Արգենտինայի ազգային կոնգրեսն օրենք է ընդունել, որով դատապարտել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը: Իսկ 2015 թվականի սկզբին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները վերահաստատել է օրենսդիր մարմնի որոշումը' նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է նաև երկրի գործադիր մարմինը:
Այս տարվա հունվարին Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Թիմերմանն այցելել էր Թուրքիա, ուր հանդիպել է թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ բարձրացրել էր նաև Հայոց ցեղասպանության խնդիրը:
Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած միակ լատինաամերիկյան երկիրը չէ: Խորհրդարանական մակարդակով այն ճանաչել են նաև Չիլին, Բոլիվիան, Վենեսուելան, Ուրուգվայը և Բրազիլիան: