Թուրքիայի 9 սոցիալիստական կուսակցություններից 5-ը բացահայտ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական OdaTV հեռուստաալիքի կայքը' մեջբերելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական բոլոր ձախամետ կուսակցությունների արտահայտած դիրքորոշումները:
Այսպես, Թուրքիայի Ազատություն և համերաշխություն կուսակցության (ՃDP) կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ապրիլքսանչորսյան ուղերձում թուրքական իշխանություններին կոչ է արվում ոչ թե ժխտել Ցեղասպանությունը, այլ «ճանաչել և հասկանալ»:
«Հավատում ենք, որ հայկական հարցի լուծման տիրույթը ոչ թե օտար երկրների խորհրդարաններն են, այլ ինչպես մեր եղբայր Հրանտ Դինքն էր ասել, անմիջապես այդ իրադարձությունների հիմնական կողմերը և մեր այս հողերը: Իշխանությունները պետք է վերջ դնեն իրենց մերժողական քաղաքականությանը, հայերին հասցված վատությունը պետք է ճանաչել և հասկանալ: Հայաստանի հետ սահմանադուռը պետք է բացվի և կոչվի Հրանտ Դինքի անունով: Պետք է վերացվեն Հայաստանի դեմ բոլոր արգելքները, սահմանափակումները և զարգացվեն տնտեսական, սոցիալական ու մշակութային կապերը», -ուղերձու մ է նշել է ՃDP-ը:
Թուրքիայի աշխատանքի կուսակցության (EMEP) ապրիլի 24-ին տարածած հայտարարության մեջ ասվում է. «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն բնութագրելու համար պատրվակներ չեն կարող հնարվել: Իրականություն այն է, որ դա ծրագրված ցեղասպանություն է: Դա թուրք և մուսուլման չեղածներից Թուրքիան «մաքրելու» գործողություն էր»:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված sendika.org կայքում հրապարակած ուղերձում Թուրքիայի «Ժողովրդական տների» գլխավոր քարտուղար Նուրի Գյունայը նշել է. «Առանց ցեղասպանություն եզրի օգտագործման հայերի հետ պատահածի մասին խոսել հնարավոր չէ: Առանց հայի ցավը հանգստացնելու, հնարավոր չէ վերացնել թուրքի և քրդի ամոթը: Անկախ նրանից, թե ինչ են ասում քաղաքական գործիչները, պետք է ընկալել ցեղասպանության իրողությունը: 1915 թվականին տեղի ունեցածի հետ հաշվի նստելը դժվար է լինելու, բայց մենք դա կարողանալու ենք ընկալել և կատարել»:
«Դեմոկրատական իրավունքների ֆեդերացիա» կուսակցության (DHF) տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մեր աշխարհագրությունում իսկական կոտորած, շահագործում, բռնաճնշում, ասիմիլյացիա և ֆաշիզմ է տեղի ունեցել: Հարյուրավոր տարիներ թուրք-սունի նախատիպից դուրս բոլոր այլ հավատքի և էթնիկ խմբերը կամ հարկադրաբար ասիմիլացվել, կամ սպանվել են: Մենք մեր բոլոր անդամներին ու համակիրներին հրավիրում ենք մասնակից լինել այդ պատմական անարդարության և ցեղասպանության դատապարտմանը»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Հավասարություն սոցիալիստական կուսակցությունը (ESP): Նշելով, որ 1915-ը բոլոր թուրքերի վզից կախված մարդկության խնդիր է, ապրիլի 24-ի հետ կապված հայտարարության մեջ ESP-ը նշել է. «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը շահագործող, մարդասպան, ցեղասպան թուրքական պետության կողմից բոլորիս վրա դրված սև բիծի հարյուրամյակն է: Կոտորածների քաղաքականությունն այս պետության հանցանքն է, դա մեր բոլորի վրա դրված մարդկության հարց է: Ցեղասպանության հետ Թուրքիայի առերեսումն իսկական ազատություն կբերի մեր ժողովրդին: Մենք պարտավոր ենք շահել այդ ազատությունը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավերը, և խոստանում, որ պայքարելու ենք նոր հավասար, եղբայրական և ազատ աշխարհ ստեղծելու համար»:
Մնացած թուրքական սոցիալիստական կուսակցությունները թեև բացարձակ կերպով չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, Թուրքիայի իշխանություններին կոչ են արել առերեսվել սեփական պատմությանը և հետևություններ անել:
Թուրքիայի սոցիալիստական կուսակցություններից միայն տխրահռչակ հակահայ Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցությունը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ» է: