Ապրիլի 24-ին նշվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:
 
Այս օրը ամբողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ հասարակությունը հիշում և ոգեկոչում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: 
 
Հայոց ցեղասպանությունը իրականացվել է մի քանի փուլով, սակայն սկիզբը համարվում է հենց 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեցին և այնհուհետև գազանաբար սպանվեցին հայ մտավորականության ներկայացուցիչները:
 
Երեկ Կիեւում անմեղ զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել: Այդ միջոցառումների կազմակերպիչներն էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցին, Կիեւի հայ համայնքը, Ուկրաինայի հայերի միությունը եւ Կիեւի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը:
 
Քաղաքի փողոցներում տեղադրվել են բաներներ, գովազդային վահանակներ, քաղաքային լույսեր եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ սոցիալական եւ տեղեկատվական նյութեր:
 
Ապրիլի 24-ի կեսօրին հիշատակի աղոթք և ծաղկեպսակի տեղադրման արարողություն է անցկացվել Կիևում Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ: Հիշատակի աղոթքը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարգար եպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Միջոցառմանը ներկա էին Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը,Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Տելեմահուն, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը, Արմեն Վարդանյանը, Լեւոն Գուլյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, ակտիվիստներ, մայրաքաղաքի բնակիչներ և հյուրեր, ինչպես նաև մարդիկ, ովքեր պարզապես անտարբեր չեն այս ողբերգության հանդեպ:
 
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուդջերոտտին, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնական եւ ազգությունների վարչության տնօրեն Անդրեյ Յուրաշը: Պարոն Գեւորգյանը խոսեց հայ ժողովրդի ցավի մասին, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը ողբերգություն է ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Կիևի հայ համայնքի նախագահը նաև կոչ արեց Ուկրաինայի խորհրդարանին վերականգնել պատմական արդարությունը և օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 
Աղոթքից հետո Կիեւի կենտրոնում կազմակերպվել է երթ: Մարդիկ քայլել են կազմակերպված շարքերով՝ Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշներով, որոնց վրա պատկերված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը: Երթը գլխավորում էին Կիևի հայ համայնքի ակտիվիստները, ովքեր կրում էին հայկական տարազներ:
 
Երեկոյան Կիևի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ֆլեշմոբ: Տ. Շեվչենկոյի անվան այգում տեղադրվել էր լուսադիոդներով ընդգծված մեծ անմոռուկ, ինչպես նաև ֆոտոզոնա և տեղեկատվական բաներներ:
 
Արևի մայր մտնելուց հետո՝ դուդուկի մելամաղձոտ երաժշտության ներքո, երկինք բաց թողնելով 1000 փուչիկ, որոնց վրա գրված էր «Եղել ենք, կանք ու կլինենք», մարդիկ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում անմեղ զոհերի հիշատակին:
 
2019թ. տվյալներով, Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 31 պետությունների և մի շարք ազդեցիկ կազմակերպությունների կողմից: Ինչպես տեղեկացրեց Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Կիևի հայկական համայնքը դիմելու է Ուկրաինայի Գերագույն ռադա՝ առաջարկելով ճանաչել 1915թ. Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը: «Մեր նպատակն է, որ Ուկրաինան լինի 32-երորդ պետությունը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Գևորգյանը: Միևնույն ժամանակ, Կիևի հայկական համայնքը դիմելու է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին՝ առաջարկելով ճանաչել 1933թ. Գոլոդոմորը՝ որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: