Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը:
«Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այն, ինչը տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին։
Դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ»,- գրել է Մկրտչյանը։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել փոխխոսնակ Դագմարա Բեյտներե Լե Գալլային, «Նոր պահպանողականներ» խորհրդարանական խմբի ղեկավար Յուրիս Յուրաշսին, Սաեյմայի քարտուղար, հայ ժողովրդի հին բարեկամ Անդրեյս Կլեմենտևսին, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, «Զարգացմանը՝ Այո՛» խորհրդարանական խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևային, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկա ղեկավար Ռիհարդ Կոլսին, հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Օյարս Կալնինչին։
«Խոնարհվում եմ Լատվիայի խորհդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին։
Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- եզրափակել է նա:
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև Լատվիայի Սաեյմասի կողմից ընդունված բանաձևի թարգմանությունը.
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից
«Լատվիայի Հանրապետության Սաեյման նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,
հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,
ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,
ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,
դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,
հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,
հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,
կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։