Քոլորադոյում տեղակայված ոչ կառավարական «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ) կազմակերպությունը, որը հիմնվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից, ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է, որ 3 տարի առաջ նա ստեղծել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները քննող հանձնաժողով: Այս ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են տարբեր դասախոսություններ, քննարկման հարթակներ, լսել հայ ու թուրք պատմաբանների, ցեղասպանագետների, հանդիպել են Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, ուսումնասիրել ակադեմիական աշխատություններ, դիտել փաստավավերագրական ֆիլմեր:
Արդյունքում, հանձնաժողովը որոշում է կայացրել քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, և անդամերի մեծամասնությունը 2020 թվականի մարտի 7-ին կողմ է քվեարկել:
MMF-ն հիմնվել է 2003 թվականին և կապվում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: