ԱՄՆ կոնգրեսականները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են ուղարկել, որում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել, հայտնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան: Ըստ աղբյուրի՝ բանաձեւի նախաձեռնողն է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիյերը: Բանաձեւին աջակցել են եւս 28 կոնգրեսականներ, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչներ Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Պիտեր Քինգը եւ Ադամ Շիֆը: Ամերիկայի Հայկական ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն է հայտնել Ջեքի Սփիյերին եւ կոնգրեսականներին աջակցության համար:
ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում հիասթափություն են հայտնել՝ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Նամակում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ-ն արժանին կմատուցի Ցեղասպանության ժամանակ սպանվածներին, կնշի նրանց հաստատակամությունը, ովքեր վերապրել են, ինչպես նաեւ հարգանքի տուրք կմատուցի զինվորականների հիշատակին, որոնք ծառայել են երկրում՝ պաշտպանելով նրա ազատությունն ու իդեալները:
Կոնգրեսականները նամակում հիշատակում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդի հերոսության մասին, որը նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ղեկավարել է 1919 թվականին Հայաստանում ռազմական առաքելությունը:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ուղերձով է հանդես եկել՝ կրկին չհիշատակելով «ցեղասպանություն» բառը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի հիշատակին եւ հիշում նրանց, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգավածային չարագործության հետեւանքով: 2015 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 մլն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք դարձյալ Ամերիկայում եւ ամբողջ աշխարում հայ համայնքի հետ միասին սգում ենք բազմաթիվ զոհերին»,- նշված էր հայտարարության մեջ: