ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը հայերի համար այս խորհրդանշական օրն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

 

Պատվիրակությունը, որի կազմու մ էին կոնգրեսականներ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) մասնակցեցին ծառատունկի, որից հետո ծաղիկներ դրեցին եղեռնի զոհերի հուշարձանի առջև: «Մենք այսօր այստեղ ենք ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը։ Շատ դժվար է աշխարհի համար ճիշտ գնահատել ապագան, եթե անցյալին սխալ գնահատական է տրվել։ Ուստի կարևոր է անկեղծ խոսել 1915 թվականի հայերի Ցեղասպանության մասին։ Այն անցյալ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Ադոլֆ Հիտլերը, երբ պլանավորում էր երկրորդ ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, նշել է՝ իսկ ո՞վ է հիշում հայ ժողովրդի կոտորածը։ Մե՛նք ենք հիշում և այստեղ ենք մեր համերաշխությունը և աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին»,- ասաց Ռոյսը։

 

Կոնգրեսականներ Էլիոտ Էնգելը և Դեյվիդ Սիսիլինը կոչ արեցին Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և ներողություն խնդրել իրենց կատարած ոճրագորությունների համար։ «Շատ կարևոր է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անմիջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել»,-ասել է Էնգելը։

 

«Ռոուդ Այլենդը տուն է բազմաթիվ հրաշալի ամերիկահայերի համար։ Մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ գտնվել՝ ոգեկոչելու հայ զոհերի հիշատակը։ Սա նաև հնարավորություն է հիշեցնել աշխարհին նախորդ դարում իրականացված պատմական իրադարձությունների մասին և երաշխավորել, որ նման ոճրագործություններ ապագայում այլևս չեն կրկնվի»,-նշել է Սիսիլինը։ Կոնգրսական Լոիս Ֆրենկելը ևս միացել է իր գործընկերների կոչերին։

 

Հայաստան ժամանած կոնգրեսականները հետեւողականորեն բարձրացրել են ամերիկահայությանը հուզող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն խնդիրներ, այդ թվում' Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների եւ քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը։ Էդ Ռոյսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունման համար պայքարի առաջամարտիկներից է և համահեղինակն է հանրահայտ 306 բանաձեւի, որը Թուրքիային հորդորում է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների գույքը։ Իսկ Էլոտ Էնգելը և Դեյվիդ Սիսիլին այժմ ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին «Ճշմատության և արդարության» բանաձևի աջակիցներն են։