Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է ընդունել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայտարարությունում մասնավորապես նշված է. «Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուր բ Հոգուն, որ շնորհը պարգևեց' 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում' նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, և քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին հուզող հարցեր:

 

 

Աղոթքով ենք հիշում Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերին, ովքեր նահատակվեցին վասն հավատո և վասն հայրենյաց: Հավատում ենք, որ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգևոր նորոգություն և մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին:

 

Հորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և անմեղ զոհերի սրբադասմանը' հիշատակի նվիրական արարողությունները դարձնելով քաջալերանք հավատքի ամրության, հոգևոր կյանքի նորոգության և հայ ինքնության պահպանության :

 

 

Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին աղոթքով միանալու 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին' հայցելով նաև Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման և մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար:

 

 

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը' վճռականորեն շարունակելու Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված' 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: Կոչ ենք ուղղում նաև Թուրքիայի Հանրապետությանը' ճանաչելու հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանությունը և վերահաստատելու մեր ժողովրդի արդար իրավունքները:

 

 

Աղոթում ենք առ Աստված մեր նորօրյա նահատակների' Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: Դատապարտում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսևորումը եղավ նաև եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը:

 

 

Աղոթք ենք բարձրացնում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար' բերելով մեր ցավակցութ յունն ու զորակցությունը հայրենիքի համար զոհված քաջարի մեր մարտիկների ընտանիքներին: Մեր ժողովրդի արդար իրավունքների և պահանջատիրության իրականացման ճանապարհին կարևոր հանգրվան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորումը, համաձայն միջազգային նորմերի' Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:

 

 

Եպիսկոպոսաց ժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում աշխարհի տարբեր կողմերում' մասնավորաբար Միջին Արևելքում' Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Ուկրաինայում չդադարող հակամարտությունների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների:

 

Մեր զորակցությունն ենք բերում հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին' այդ թվում և մեր ժողովրդի զավակներին, աղոթելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարի և աշխարհում համընդհանուր ու տևական խաղաղության հաստատման համար:

 

 

«Քրիստոս է մեր Աստուած, և մեք յուսամք ի նա» վստահությամբ ու Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև պարտքի գիտակցումով' եպիսկոպոսաց ժողովը վերանորոգում է իր սրբազան ուխտը շարունակելու իր նվիրական առաքելությունը՝ հանուն Հայ Եկեղեցու պայծառության, ազգային միասնականության, մեր երկրի զորացման ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:

 

Թող Ամենազորն Աստված պահապան լինի մեր Եկեղեցուն, Հայրենիքին և Ազգին Հայոց այսօր և հավիտյանս, Ամեն»: