Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բանաձևը ներկայացվել է Ձախ միության խոսնակ Վալենտին Մատեոյի կողմից, ով իր խոսքում հակիրճ ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրդապատճառներն ու հետևանքները, այն պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու անհրաժեշտությունը: Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին:
Սիյան այսպիսով միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած Իսպանիայի քաղաքներին: