Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը:
«Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր քաղաքների կողմից ճանաչումներ սպասվում են»,- ասաց Սարգիս Կարամեկիանը:
Նրա փոխանցմամբ' քաղաքի պաշտոնական օրացույցում այսուհետ ապրիլի 24-ը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության օր: Օրենքում նշվում է, որ 1915 թվականին հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն է:
Քաղաքի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և նշել, որ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ կազմակերպելու դեպքում կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները:
Քաղաքի խորհրդի կողմից ընդունված օրենքը ստորագրել է քաղաքապետ Պաուլո Ռիկարդոն: Օրենքի հեղինակն է պատգամավոր Ժիու Սալիս Ալբակին:
Սարգիս Կարամեկիանը նշեց, որ իրենք նպատակ ունեն առաջիկայում քաղաքում տեղադրել խաչքար' ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: