Իսպանիայի Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը հունիսի 23-ին վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի եվրոպական ընկերներ (EuFoA) կազմակերպության լրատվական բաժինը: Հռչակագրի ընդունումը կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպված ուսուցողական այցելությունների արգասիքն է:

 

Խորհրդարանի ընդունած հռչակագրում նշվում է, որ «համաձայն 1987 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևի, որն ավելի ուշ հաստատվեց համանման բանաձևերով (2002 թվականի փետրվարի 28-ին և 2004 թվականի ապրիլի 1-ին), իրադարձությունները, որոնցից տուժել է հայ ժողովուրդը, իսկական ցեղասպանություն են»:

 

«Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նման հռչակագրերը հստակորեն ցույց են տալիս եվրոպական համերաշխությունը հայ ժողովրդի և նրա տառապանքների հետ»,- հայտարարել է Հայաստանի եվրոպական ընկերներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Նա ընդգծել է, որ EuFoA-ն հպարտ է, որ իր լայն ցանցի շնորհիվ եվրոպական ավելի ու ավելի շատ հետաքրքրված կողմեր տեղեկանում են խնդրի կարևորության մասին:

 

Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանի ընդունած հռչակագիրը քննադատում է այն ժամանակվա թուրքական վարչակարգի մշակած քաղաքականությունը և Թուրքիային կոչ է անում «լավ և ներդաշնակ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սահմանային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»: Հռչակագրի տեքստում նշվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի ԵՄ անդամ երկրի թեկնածու լինելու փաստը' երկիրը պետք է հրատապ կերպով կարգավորի Հայոց ցեղասպանության ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը: