Հայոց ցեղասպանության դեմ պայքարող թուրքական, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) ամենախոշոր կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ աշխարհի եկեղեցիները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միավորվել են Թուրքիայի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» թերթի հետ զրույցում Գյուլբեյն ասել է, որ Աշխարհի եկեղեցիների միությունը 2015 թվականի ապրիլի 24-ին պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ ժամանակ զոհված 1,5 մլն հայերին որակել որպես նահատակ: Նրա խոսքով, օգտագործելով կրոնը, Աշխարհի եկեղեցիների միությունը ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
Թուրք ազգայնականը մտահգություն է հայտնել այն առնչությամբ, որ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում կառույցի նախագահ է ընտրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, եւ որ կառույցը որոշել է 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք բազմաթիվ միջոցառումներին մասնակից դարձնել միության անդամ բոլոր եկեղեցիներին:
Գյուլբեյը հիշեցրել է, որ Եկեղեցիների համաշխարհային միության անդամ են նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում գտնվող եկեղեցիները եւ այդ երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարներին կոչ է արել համապատասխան զգուշացումներ անել տեղի եկեղեցիների պատասխանատուներին եւ հոգեւոր առաջնորդներին' զերծ մնալ այդ միջոցառումներին մասնակցությունից