Թուրք հայտնի լրագրող, թուրքական «Հուրիեթ» պարբերականի աշխատակից Ահմեթ Հաքանի վրա հարձակում իրականացրած անձանցից մեկը եղել է հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասի ն տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող Ահմեդ Հաքանի վրա հոկտեմբերի 1-ի գիշերն անհայտ անձինք հարձակում էին իրականացրել, կոտրել նրա քիթն ու կողոսկրերը, ինչի հետևանքով լրագրողին երկու օր անց վիրահատության էին ենթարկել: Ոստիկանությունը կարողացել էր ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:

 

 

Հետագայում հայտնի դարձավ, որ հարձակումն իրականացրած չորս երիտասարդներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)' Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են:

 

 

Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն՝ Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է: