Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմանների առաջադրումը ճիշտ չէ: Հարկավոր չէ նաև երկու երկրների հարաբերություններին խառնել երրորդ պետությանը' Ադրբեջանին: Այս և մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է թուրքական մեջլիսի նախկին պատգամավոր, Կանաչների և ձախերի ապագայի կուսակցության համահիմնադիր Ուֆուք Ուրասի հետ:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի կառավարությունը հայերի դեմ իրականացված մեծագույն հանցագործության համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու փոխերն Չանաքքալեի միջոցառումները հենց ապրիլի 24-ին իրականացնելու խայտառակ որոշում կայացրեց: Նման քայլերն ու նմանօրինակ մտածելակերպը Թուրքիային ո՞ւր կարող են հասցնել:
-Որպես Թուրքիայի մի քաղաքացի, ում մեծ պապը ևս զոհվել է Չանաքքալեի մարտերի ժամանակ, ճիշտ չեմ համարում Հայոց ցեղասպանության հետ Չանաքքալեի հիշատակի արարողությունները հակադրելը, դրանք որպես հակակշիռ առաջ քաշելը: Հատկապես գիտենք, որ Չանաքքալեում ընդհանուր հայրենիքի պաշտպանության ժամանակ հայազգի օսմանյան հպատակները ևս մեծ գին են վճարել: Անհրաժեշտ է առերեսվել «Իթթիհաթ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության կոտորածների, իսկ արդեն հանրապետության շրջանում ստանդարտացման քաղաքականությունների հետ: Հեշտ է լինե լ անամոթ, անպարկեշտ, առավել դժվար է առերեսվել կատարվածի հետ:
Ես ճիշտ չեմ համարում նաև այն մոտեցումը, որով իթթիհաթական կադրերը համարվում են մեր պապերը: Եթե Էնվերի ու Թալեաթի նման կադրերը ազգի մի մասը լինեին, մեծ պատերազմից հետո Ստամբուլից Գերմանիա փախչելու փոխարեն Անատոլիա կգային: Սակայն գիտենք, որ նրանք Անատոլիա չվերադարձան: Անհրաժեշտ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցական կառավարությունն ամբողջացնի նախորդ տարի արած կարևոր առաջին քայլը՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը, և վստահություն ներշնչող հստակ քայլեր ձեռնարկի: Ակնկալվում է, որ իրականացվեն կառուցվածքային փոփոխություններ , մասնավորապես սահմանադրորեն երաշխավորված քաղաքացիության իրավունքը:
- 2008 թվականին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ Դուք էլ, որպես այն ժամանակ դեռևս մեջլիսի պատգամավոր, ժամանել էիք Երևան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Ֆուտբոլային դիվանագիտությանը հաջորդեց հայտնի արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում: Սակայն թուրքական կողմի պատճառով այս գործընթացը մտավ փակուղի: Ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պաշտոնական Անկարայի ներկայիս դիրքորոշումը:
-Երբ Երևանում հետևում էի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, մտածում էի, որ իրականացել է Հրանտ Դինքի մեծ իղձը: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ նախապայման հարկավոր չէ: Կարծում եմ, որ այլընտրանք չկա, քան հստակ քայլերի ձեռնարկումն է, այդ թվում և սահմանի բացումը: Սխալ է Ադրբեջանին որպես երրորդ կողմ ներգրավելը մեր հարաբերությունների մեջ: Եթե Իրանը, որն ունի ադրբեջանական փոքրամասնություն, Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, ապա մեր դեպքում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ չունենալն ուղղակի անընդու նելի է:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ո՞րը կլինի Ձեր խորհուրդը Թուրքիային:
-Ինչպես ամեն տարի նշում ենք Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ապրիլքսանչորսյան հիշատակի արարողությանը և «Ներողություն ենք խնդրում» արշավի ժամանակ, պաշտոնական հիշողությունը պետք է համապատասանեցվի հանրային հիշողությանը, այն նախ և առաջ պետք է ճանաչի Ցեղասպանությունը, հրաժարվի ժխտողական և հերքող քաղաքականություններից և հասնի մեծ հումանիզիմի: Հավասար քաղաքացիության իրավունքի հիման վրա պետք է հող նախապատրաստվի Օսմանյան հայերի թոռների, սփյուռքի հետ վերադարձի և փոխհատուցման համար:
-Ծրագրեր ունե՞ք ապրիլին Հայաստան գալու և այդ կարևոր օրը հայ ժողովրդի կողքին լինելու:
-Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Ցեղասպանության հիշատակի արարողությունների ժամանակ կլինեմ Երևանում: Հուսով եմ, որ այս անդադրում պայքարում խիղճն ու արդարությունը հաղթանակ կտանեն պետությունների շահերի նկատմամբ:
Հարցազրույցը Արաքս Կասյանի