Թուրքիան չպետք է թույլ տա, որ կրկնվի այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի պատճառով և խլեց մինչև 40 հազար մարդու կյանք։ Այս մասին երկուշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Յաշար Քարադաղը։
Նշելով, որ ինքը Թուրքիայի խորհրդարանում ներկայացնում է սահմանամերձ Իգդիր նահանգը՝ Քարադաղը կոչ է արել անհապաղ փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը։
Պատգամավորը մատնանշել է նախօրեին Հայաստանի և Վրաստանի սահմանին տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժը, որը զգացել են նաև Թուրքիայի Իգդիր, Կարս, Արդաղան և Ագրա նահանգների բնակիչները։
Նրա խոսքով, Հարավային Կովկասում տեղի ունեցող յուրաքանչյուր երկրաշարժ մտավախություն է առաջացնում Հայաստանի Մեծամորի ատոմակայանի համար, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա։ «Հայաստանի ատոմակայանը տասնամյակներ առաջ կառուցվել է հնացած տեխնոլոգիաների հիման վրա և ամենավտանգավորն է աշխարհի 443 ատոմակայաններից»,- ընդգծել է Քարադաղը։
Նա նշել է, որ հայկական ատոմակայանում ցանկացած վթար ինքնաբերաբար կբարձրացնի ճառագայթային ֆոնը Իգդիրում, Վանում, Ագրայում և Էրզրումում, ինչպես նաև կհանգեցնի քաղցկեղի աճի։