Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Օսման Բայդեմիրի դեմ: Պատճառը նրա կողմից սոցիալական մեդիայում Աֆրինում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ գրառումն է: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Բայդեմիրը սոցիալական մեդիայում գրել էր. «Աֆրինը ռմբակոծվում է, որպեսզի թույլ չտան քուրդ ժողովրդին կարգավիճակ ունենալ»: Պատգամավորը մեջլիսում ելույթի ժամանակ բարձրացրել էր Աֆրինի գործողությունների հետևանքով սպանված քուրդ երեխաների նկարները՝ հարցնելով, թե որն է նրանց մեղքը, միայն քուրդ լինե՞լը:
Դատախազության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, թե Բայդեմիրը թուրքական զինուժին «օկուպանտ» է անվանել, «նվաստացրել է գործողության աջակիցներին», «կոչ է արել ՆԱՏՕ-ին միջամտել Թուրքիայի գործողություններին», «ժողովրդին հորդորել է փողոց դուրս գալ»: Նրա դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու), 301-րդ («Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական համակարգին և կառույցներին վիրավորելու«) և 304-րդ («Պետության դեմ պատերազմ հրահրելու») հոդվածներով:
Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։
Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: