Բրազիլիայի Գերագույն դատարանն ամերիկացի գործարար Իլոն Մասկի նկատմամբ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ նա ասել է, որ կվերաակտիվացնի իրեն պատկանող X սոցիալական հարթակի այն օգտահաշիվները, որոնք դատավորը կարգադրել է արգելափակել, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մասկը բողոքարկել է դատավոր Ալեշանդրե դե Մորաեսի որոշումը' հայտարարելով, որ այն հակասում է սահմանադրությանը: Թե ինչ օգտահաշիվներ է դատավորը պարտավորեցրել X-ին արգելափակել, չի բացահայտվում։ Մորաեսը քննում է «թվային աշխարհազորայինների» գործը, որոնց մեղադրում են նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի օրոք կեղծ լուրեր և ատելության խոսք տարածելու մեջ։ Դատավորը նաև քննում է Բրազիլիայում հեղաշրջման փորձի հետ կապված գործը։

Մասկը հայտարարել է, որ X ընկերության նկատմամբ դատավորի որոշումը «դավաճանում է սահմանադրությունը և Բրազիլիայի ժողովրդին», իսկ իրենց նկատմամբ հարկերի ու սոցիալական հարթակի սահմանափակումների պատճառով Բրազիլիայում ընկերության գրասենյակը կարող է փակվել, սակայն «սկզբունքներն ավելի կարևոր են, քան օգուտը»։

Արձագանքելով սրան՝ դատավոր Մորաեսը Մասկին ավելացրել է սոցիալական մեդիայում կեղծ լուրերի հետ կապված հետաքննությանը և «արդարադատությանը խոչընդոտելու» հարցով հետաքննություն է սկսել։

«X-ը պետք է զերծ մնա դատարանի կողմից արդեն կայացված որոշումն անտեսելուց, այդ թվում՝ ցանկացած օգտահաշվի վերաակտիվացումից, որն արգելափակվել է Գերագույն դատարանի կողմից», - գրված է Մորաեսի որոշման մեջ:

Եթե X-ը չկատարի օգտահաշիվներն արգելափակելու՝ դատարանի որոշումը, ապա պետք է վճարի օրական 100 000 ռեալ (19 740 ԱՄՆ դոլար) տուգանք։