Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննութուն է սկսել Հրանտ Դինքի գործը լուսաբանած մի շարք լրատվամիջոցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է հայկական «Ակոս» պարբերականը, այդ լրատվամիջոցների թվում են «Ակոս», «Միլլիեթ», «Վաթան», «Ռադիկալ», «Սթար», «Այդընլըք», «Փոսթա» պարբերականները, «Դողան» լրատվական գործակալությունը և internethaber.net ինտերնետային կայքը:

 

Հետաքննություն սկսելու պատճառը Ստամբուլի անվտանգության վարչության ներկայացրած դատական հայցն է: Վարչությունը մեղադրել է լրատվամիջոցներին 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Հրանտ Դինքի սպանության դատավարությունը «սխալ լուսաբանելու» մեջ: Մասնավորապես, մեղադրականում նշված է, որ այդ օրվա լուրերում եղել են «զրպարտություն, արդար դատավարության վրա ազդելու փորձ, պետության անվտանգության կառույցի հրապարակավ նվաստացում»:

 

Ստամբուլի Ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում սեպտեմբերի 17-ին Հրանտ Դինքի սպանության վերսկսված դատավարության առաջին նիստի ժամանակ որոշում է կայացվել կրկին ձերբակալել Դինքի սպանությանը մասնակցելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելին: Դատական նիստին ներկա են եղել ցմահ ազատազրկված Յասին Հայալը, ազատության մեջ գտնվող կասկածյալ Հացը Սալիհօղլուն: Դատարանն ընդունել է բոլոր կողմերի ներկայացրած փաստաթղթերը' Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունվարի 17-ին ընդունած վճռի կետը բեկանելու վերաբերյալ վերջնական որոշում կա յացնելու համար:

 

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման:

 

Դատարանը որոշել էր, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ. հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանութ յան հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: