Միացյալ Թագավորության ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի և դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության հետ: Այս մասին հայտնում է բրիտնական հեղինակավոր The Guardian պարբերականը:
Ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչեցված պահանջի՝ Մեյի խոսնակը հայտնել է, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կուսումնասիրի լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները: «Գրասենյակը կուսումնասիրի՝ արդյոք կարիք կա հետաքննություն սկսելու»,- ասել է խոսնակը:
«Ժամանակն է հրապարակայնորեն լվանալ կեղտոտ սպիտակեղենը և հստակ պարզել, թե ով է ում վճարել և ինչու: Մենք ամբողջական հետաքննության կարիք ունենք՝ համոզվելու, որ կեղտոտ փողերը չեն օգտագործվել Միացյալ Թագավորությունում ազդեցություն գնելու նպատակով»,- ասել է Լիբերալ-դեմոկրատների նախկին առաջնորդ Թիմ Ֆարոնը:
Բրիտանիայի խորհրդարանի անդամ Մարգարիտ Հոդջն ընդգծել է, որ քանի դեռ իրենք չգիտեն, թե ովքեր են տնօրինել իրենց երկրում անօրինական գործունեություն ծավալած չորս ընկերությունները, նման անընդունելի փորձառությունը կարող է կրկվել:
Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Փիթեր Դոուդը նշել է, որ փողերի լվացումը մեծապես վնասում է Միացյալ Թագավորության տնտեսությանը և կոռումպացնում հասարակությունը:
Անգլո-ադրբեջանական հանրության անդամ Ջովդաթ Գուլիևը, ով եղել է անօրինական գումարային փոխանցումների շահառուներից մեկը, այդ մասին բացահայտումից րոպեներ անց հրաժարական է տվել: Նա ստացել է շուրջ 400 հազար ֆունտ ստերլինգ գումար: British Petrolium-ի նախկին աշխատակիցն աշխատում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության համար:
Անգլո-ադրբեջանական հանրության համանախագահ, Լիբերալ-դեմոկրատ Լորդ Գերմանը նշել է, որ Գուլիևը հեռացել է The Guardian-ում արված հրապարակումից 9 րոպե անց: Նա ընդգծել է, որ Գուլիևին արված վճարումներից և ոչ մի գումար չի փոխանցվել հանրությանը:
Գերմանին ուղղված էլեկտրոնային նամակում Գուլիևը չի բացահայտել, թե որտեղից է ստացել գումարը, սակայն ասել է, որ այն օրինական է և «անձնական օգտագործման համար»:
Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն Ալիևների ընտանիքի հերթական ապօրինի գործունեության բացահայտմանը շատ բուռն է արձագանքել՝ անմիջապես մեղադրանքներ հղելով The Guardian-ի, հայկական սփյուռքի հասցեին: Առաջին պաշտոնական արձագանքի հեղինակը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, հայտարարել է, թե Ալիևների ռեժիմը դարձել է «բրիտնական հետախուզության, հայկական սփյուռքի և Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված սկանդալային արշավի զոհը»: «Ե՞րբ է The Guardian-ը գրել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Այս պարբերականը տասնյակ տարիներ հայտնի է հակաադրբեջանական բնույթով»,- նշել էր Հասանովը՝ հրապարակված զեկույցը «կողմնակալ, անհիմն ու սադրիչ» անվանելով:
Ավելին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտարարել են, թե բացահայտումների թիկունքում կանգնած են ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսը և նրա հետ համագործակցող հայկական լոբբիստական ընկերությունները: «Այն փաստը, որ The Guardian-ում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայ Դինա Նահապետյանն է, խոսում է այն մասին, որ այդ մեղադրանքների հետևում հայկական լոբբին է»,- ասվում է նախագահականի հայտարարության մեջ:
Ալիևների կողմից փողերի լվացման մասին նոր բացահայտումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են երկրի ներսում հասանելիությունը Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կայք: Հենց այս նախագիծն էր, որ հրապարակել էր այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած գործի մանրամասները:
«Ադրբեջանական լվացքատուն»-ը գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:
Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:
Ստվերային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց միջոցով գումարները վճարվել են, գործել են Միացյալ Թագավորությունում՝ երկուսը Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում: Դրանք այժմ լուծարված են: Եվրոպական հայտնի բանկերից մեկը՝ դանիական Danske Bank-ը, այդ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով: