Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանը առաջարկել է փակել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսություններից մեկը: Դիվանագետի համոզմամբ՝ դա կարող է ծառայել որպես ուղերձ պաշտոնական Անկարային, որը ԱՄՆ նկատմամբ կոշտ դիվանագիտություն է սկսել կիրառել՝ ձերբակալելով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken գործակալությունը, այս մասին Էրիկ Էդելմանը խոսել է Brookings Institution թինք-թանքում կազմակերպված քննարկման ժամանակ:
«Նախագահ Էրդողանն իր մերձավորների և բարեկամների ձեռքում գտնվում լրատվամիջոցներն օգտագործելով պարբերաբար ԱՄՆ դեմ թշնամանք է հրահրում»,- նշել է նախկին դեսպանը: Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները շատ հաճախ պարզապես աչք են փակել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և օրենքի գերակայության խախտումը, ինչը, նրա համոզմամբ, մեծ սխալ է եղել:
Էդելմանն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն փակի իր տարածքում, օրինակ՝ Լոս Անջելեսում գտնվող Թուրքիայի հյուպատոսություններից մեկը, դա կդիտարկվի որպես ուղերձ պաշտոնական Անկարային: