Հուլիսի 21-ին Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում, դիտավորյալ երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տվող վարորդներից մեկը նախկին ոստիկանապետի եղբորորդին է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Տեսագրության հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները վարորդներին հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք են՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ 19-ամյա Սարգիս Սարգսյանը և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 20-ամյա Կամո Խալաթյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 36 AQ 004 համարանիշի ավտոմեքենան վարել է Կ․ Խալաթյանը, իսկ «ՎԱԶ 212140» մակնիշի 99 OO 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Ս․ Սարգսյանը։

Աղբյուրը հայտնում է, որ Նիվայով «ճռիկ-վռիկ» անող Ս․ Սարգսյանը ՀՀ ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի եղբոր տղան է։