Թուրքիայում օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախագահի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշը հերթական անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդաշարի հյուր Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայում «դեռեւս ժխտվող Հայոց ցեղասպանության հարց կա»:

 

«Կա ժխտվող Հայոց ցեղասպանության հարց, կան Դերսիմի, Սվազի, Մարաշի կոտորածների, Գեզիի հարցեր: Թուրքիայում չկա մի հատված, որը վնաս կրած կամ տուժած չլինի: Այս ամենի հետ պետք է իրական առերեսում անենք, որպեսզի մեր եղբայրությունն ավելանա», -ասել է Թուրքիայի նախագահի թեկնածուն: Ըստ Դեմիրթաշի, անցյալում կատարված զազրելի իրադարձությունները պետք է անտարբերության չմատնվեն, քանի որ, նրա խոսքով, դա կարեւոր է, որպեսզի հասարակության մեջ միմյանց հանդեպ վստահություն առաջանա:

 

Թուրքիայի նախագահի' ազգությամբ զազա քուրդ թեկնածուն խոսել է նաեւ նախագահ ընտրվելու դեպքում իր ապագա անելիքների մասին:

 

«Եթե ընտրվեմ, իմ առաջին գործը լինելու է Թուրքիայի նոր սահմանադրություն ստեղծելը: Ցանկանում եմ, որ Թուրքիայում լինի նոր, ազատական եւ քաղաքացիական սահմանադրություն», -ասել է նա: Նաեւ նշել է, որ իր ծրագրած նոր սահմանադրությամբ նախատեսում է ոչ թե ավելացնել նախագահի լիազորությունները, այլ ավելի սահմանակել դրանք:

 

Սալահեթդին Դեմիրթաշն ընդգծել է, որ առանց սրբագրելու անցյալի սխալները հնարավոր չէ ձեւավորել Թուրքիայի հաջորդ հարյուր տարվա տեսլականը:

 

CNNTurk-ի կողմից անցկացվող հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Դեմիրթաշի օգտին քվերակելու խոստում են տվել 40861 ընտրողներ, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի օգտին' 12233 եւ վարչապետ' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին' 7115 ընտրողներ:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: