ԱՄՆ Կոնգրեսի անդամ, 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը հանդես է եկել տեսաուղերձով, որում խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:
Թուլսի Գաբարդը տեսաուղերձում պատմել է, որ 2017թ. այցելել է Հայաստան և Արցախ, այցի ընթացքում հասցրել է խորությամբ հասկանալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները և նրա ունեցած հնարավորությունները:
«ԱՄՆ-ի հայկական համայնքն ավելի քան մեկ դար իր դրական դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման նրանց ձգտումների կողքին, նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասել է Գաբարդը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վարի այլ երկրների հետ համագործակցության, այլ ոչ թե առճակատման արտաքին քաղաքականություն: «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի` մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար»,-ասել է Գաբարդը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում իր միջնորդական դերը, սակայն հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է շարունակել կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսել, երբ կողմերից որևե մեկը խախտում է հրադադարը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի բանաձև, որը հիմնված կլինի միայն Հայաստանի կամ Արցախի կողմից զիջումների վրա` Ադրբեջանի կողմից զիջումների բացակայության պայմաններում: