Արցախում մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու մեկ հայտ է ներկայացվել:
Արցախի ԿԸՀ-ից հայտնում են, որ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի գրանցման փաստաթղթերը Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել:
Նշենք, որ մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար վերջիններիս կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 5-ին։ Այն կտևի մինչև փետրվարի 15-ը ներառյալ։
Նշենք, որ մի քանի կուսակցություններ հայտնել են ընտրություններին մասնակցելու մասին, որոշները՝ դաշինքով մասնակցության մասին, սակայն դեռևս ԿԸՀ փաստաթուղթ չեն ներկայացրել։