Սիրիայում նախագահի ևս 4 թեկնածու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Բարձրագույն սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հայտ ներկայացրած թեկնածուներից մեկը կին է՝ 1963թ. ծնված Սուսան Ամր ալ Հիդադը Լաթաքիայի մարզից:
Մյուս թեկնածուն 1961թ. ծնված Սամիր Ահմադ Մաալան է Կունեյտրայից: Նոր թեկնածուներից է Մուհամմադ Ֆիրաս Յասին Ռուջուհը, ով ծնվել է 1966թ. Դամասկոսում և մյուս թեկնածուն 1971թ. ծնված Աբդ աս Սալամ Սալաման է Հոմսից: Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ նախագահի թեկնածուները դիմել են Ազգային ժողովին՝ խնդրելով աջակցել իրենց:
Մինչ այդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 2 թեկնածու: Նրանցից մեկը Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզն է, մյուսը՝ Հասան ան Նուրին:
Ավելի վաղ Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածուները կարող են գրանցվել ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը: Դատարանը նշել է, որ ընտրություններին մասնակցելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է ստանա նվազագույնը 35 պատգամավորի աջակցությունը:
Սիրիայի նախագահական ընտրություններին կարող են մասնակցել 40 տարին բոլորած անձինք, ովքեր վերջին 10 տարիներին բնակվել են Սիրիայում:
Սիրիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: