Թուրքիայի ղեկավարությունը ստեղծել է Հայոց ցեղասպանության ժխտման քարոզով զբաղվող կայք, հաղորդում է memurlar.net-ը:
«1915.gov.tr» կայքն անգլալեզու է. այն կոնտեքստից կտրված և կեղծ տվյալներ է պարունակում:
Կայքի առաջին էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն են. «Այսօրվա աշխարհում պատմությունից թշնամանք ստեղծելն ու նոր անտագոնիզմներ առաջացնելը ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ օգտակար համատեղ ապագա ստեղծելու համար»:
Կայքում տեղադրված են նյութեր, որոնք նպատակ ունեն ցույց տալու, թե իբր հայերն են ըմբոստացել թուրքերի դեմ, և նրանց արտաքսումը եղել է միակ տարբերակը:
Կայքում տեղ են գտել նաև Թուրքիայի նախագահի՝ ցեղասպանության ընդունման դեմ արտահայտած մտքերն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը:
Կայքում կա նաև առանձին բաժին, որն անդրադառնում է 1970-80-ականներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հայկական կազմակերպությունների գործողություններին և կրում է «Հայկական ահաբեկություն» խորագիրը: