Թուրքիայում բնակվող մի խումբ ասորիներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ մինչեւ ապրիլի 24-ը 100-ժամյա հացադուլ են հայտարարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս» թերթը, Ասորական կազմակերպությունների դաշնության ղեկավար Էրգիլ Թյուրքերը հայտարարել է, որ հացադուլի ակցիան պատասխան է անցյալում իրագործված ոճրագործությանը:

 

Նա ասել է, որ ասորիների սրբավայր համարվող Թուրաբդին տարածաշրջանի բոլոր ասորական կառույցները աջակցում են հացադուլին: Նրա խոսքով' Լոկալինում Ասորական կազմակերպությունների դաշնության սկսած հացադուլին 30 մարդ է մասնակցում:

 

«Սա հավատարմության պարտք, խղճի հարց է», -ասել է նա' նշելով, որ ցեղասպանության ժխտման դեմ նման ակցիա ասորիներն իրականացնում են առաջին անգամ:

 

Ասորական «Սաբրո» թերթի գլխավոր խմբագիր Թումա Չելիքն էլ նշել է, որ 1915 թվականի հիշատակի միջոցառումները Թուրքիայում շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում: