Հայոց ցեղասպանության ժխտման թեզի հեղինակ Թուրքիայի պատմագիտական ընկերության (ԹՊԸ) նախագահ Մեթին Հյուլաղուի պաշտոնավարման ժամկետը չի երկարացվել եւ նա հարկադրված է հրաժարական տալ: Վերջինիս եւ կառույցի' «Հայկական բաժնի» ակադեմիկոսների հրաժարական տալու մասին խոսակցությունները Թուրքիայում դարձել են վերջին օրերի ուշադրության արժանի զարգացումներից:

 

«Ակոս»-ը գրում է, որ տարածված լուրերի համաձայն' Հյուլաղույի պաշտոնավարման ժամկետը չերկարացվելու պատճառը Հայոց ցեղասպանության հարյուամյա տարելիցի' 2015 թվականին ընդառաջ Հայկական հարցում թուրքական կառավարության որդեգրած նոր մոտեցման նկատմամբ կառույցի ղեկավարի անհամաձայնությունն է, եւ ԹՊԸ-ն կանգնած է վերակառուցման շեմին:

 

Ըստ թերթի' Հյուլաղույի պաշտոնանկության պատճառը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 23-ին հայերին «ցավակցելու» հայտարարության հաջորդ օրը Վանում կազմակերպված գիտաժողովում ունեցած ելույթն է եղել:

 

Վանում ապրիլի 24-ին կազմակերպված' «Հայերն առաջին համաշխարհային պատերազմում» խորագրով հակահայկական գիտաժողովում ԹՊԸ կողմից հրատարակված' «Թուրքերն ու հայերը պատմության մեջ» գրքի ներկայացման ժամանակ Հյուլաղուն Էրդողանի հայտարարության առնչությամբ ասել էր, թե «թուրքերը ցավում են անգամ անասունների համար, ինչպես կարող էին նրանք մարդկանց կոտորել»: Թուրքական կառավարությունում Հյուլաղույի այդ հայտարարությունը գնահատվել է որպես Էրդողանի' «ցավակցական» հայտարարության հետ չներդաշնակվող:

 

«Հետնաբեմերից արտահոսած տեղեկություններով' ԱԶԿ իշխանությունը որոնումների մեջ է' 2015 թվականից առաջ իր որդեգրած նոր քաղաքականության հետ համապատասխան աշխատող եւ «միջազգային հարգանք վայելով» ԹՊԸ-ի նոր ղեկավարի հարցում: Իսկ դա հարց է առաջացնում' ԹՊԸ-ն նոր ժամանակշրջան է սկսու՞մ», -գրում է «Ակոս»-ը եւ հույս հայտնում, որ ԹՊԸ-ի համար նախատեսվող նոր ղեկավարությունը կարդարացնի հիշատակված «հարգանքը»: