Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24–ին Ստամբուլում 250 հայտնի հայերի, որոնց մեջ են եղել լրագրողներ, պատգամավորներ, ուսուցիչներ, գրողներ, ձերբակալել են, արտաքսել և սպանել, որից հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցության որոշումով հազարավոր տարիներ իր հողում ապրած հայ ժողովրդին բռնի տարհանել են և մեծ մասին կոտորել։
«Թուրքիան արդեն 105 տարի է՝ չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։ Ավելին, ցեղասպանության գլխավոր մեղավորների անուններով կոչել է հասարակական մի շարք վայրեր։
Հայոց ցեղասպանությունը աշխարհում տասնյակ խորհրդարանների կողմից է ընդունվել, սակայն այդ ոճրագործությունն իրականացրած երկրի խորհրդարանը արդեն 105 տարի չի խոսում այդ մասին։
Եթե Թուրքիան առերեսվի անցյալի ոճիրների հետ, ճանաչի ու դատապարտի այն, դա մեծ աջակցություն կլինի հանրային խաղաղությանը։ Մենք՝ որպես «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն, այդ առերեսումն ապահովելու համար պայքարելու ենք։
Որպես Անատոլիայի բնիկ ժողովուրդների թոռներ՝ մենք ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ, կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը։ Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր սրտում և հարգանքի տուրք ենք մատուցում այդ ժամանակ կոտորված բոլորի հիշատակին»,–նշվել է հայտարարության մեջ։