Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Քաադը սպասելի էր համարում իրենց երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման առնչությամբ պաշտոնական Անկարայի արձագանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է De Telegraaf պարբերականը:
«Թուրքական կողմից նման արձագանքը սպասելի էր»,- ասել է նախարարը՝ չցանկանալով, սակայն, այլ մեկնաբանություններ անել հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, արձագանքներին պատասխանելը լավ միտք չէ:
Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 22-ին քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության մասին երկու որոշումները: Առաջին առաջարկով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:
Փաստաթղթերի քննարկումից և ընդունումից անմիջապես հետո հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն' նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են ընդունված որոշումները»: Պաշտոնական Անկարայից նշել են, թե որոշումները «իրավական առումով պարտադրող բնույթ և վավերականություն չունեն»: