Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։

 

Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»։

 

Նշենք, որ YEPP 10-րդ համագումարին մասնակցում էին 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։

 

ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշում է, որ հունական կողմի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունվել է միաձայն։ Ընդ որում, կողմ են քվեարկել նաև այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց երկրները դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։

 

«Ավելի ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» խորագրով ընթացող YEPP 10-րդ համագումարում ուշադրության կենտրոնում են եղել աշխարհի գլոբալ իրողություններն ու մարտահրավերները։

 

ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։