Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամյա ժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող, 100-ամյակի տարելիցը հիշատակելու կոչ անող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Mirror Spectator հայկական շաբաթաթերթը, Եկեղեցիների խորհուրդը բանաձևը ներկայացրել է բոլոր ա նդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ:

 

Փաստաթուղթը պատրաստել են Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին ներկայացնող Պետրոս Բանդազյանը և Սոնա Փոմֆրեթը: Մի քանի եկեղեցիների ներկայացուցիչներ հարցրել են' արդյոք բանաձևով նաեւ փոխհատուցման կոչ է արվում: Բուռն քննարկումներից հետո Հայ Եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ դա ծրագրի հաջորդ փուլի մասն է կազմելու:

 

Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթե առաջին ցեղասպանությանը պատշաճ արձագանք տրեր 1915-ին, ապա հնարավոր կլիներ խուսափել դրանից հետո տեղի ունեցած այլ ջարդերից ու կոտորածներից: Եկեղեցական ժողովի շատ մասնակիցներ իրենց հանձնառությունն են հայտնել Վիրջինիայի հայ համայնքի հետ մասնակցելու Սբ Հակոբ հայկական եկեղեցում 2015 թ. ապրիլի 18-ին տրվելիք էկումենիկ պատարագին' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին: