«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գտնվում է կադրերի ռեզերվում:
***
Քանդված տներ, չվճարված գումարներ և սատկած անասուններ. Ճոյտի ֆիլմի հետևանքները
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հասարակության մեջ ավելի հայտնի «Ճոյտ» մականվամբ), սցենարով ու պրոդյուսերությամբ նկարահանված ֆիլմի շուրջ աղմուկը չի դադարում:
Ֆիլմը նկարահանվել է Արագածոտնի մարզի Հակո գյուղում, որը հիմնականում բնակեցված է եզդիներով: Այս փոքրիկ գյուղն իրականում կենցաղային խնդիրներ շատ ունի՝ կապված ճանապարհների, աշխատանքի բացակայության, տների հետ: Բնակչությունը չափազանց փոքրաթիվ է՝ մոտ 15 ծուխ:
Երբ գյուղացիներն իմացել են, որ իրենց գյուղում պատրաստվում են ֆիլմ նկարահանել, և իրենք, թեպետ փոքր, բայց շահույթ կարող են ունենալ, սիրով համաձայնվել են աջակցել նկարահանման աշխատանքներին: Գյուղացիներին Հակոբ Հակոբյանը՝ իր աշխատակիցների միջոցով, խոսք է տվել վճարել կատարված աշխատանքի դիմաց, սակայն ֆիլմն արդեն պատրաստ է, իսկ վճարումներն այդպես էլ չեն կատարվել:
Մենք տեղեկություն ունենք նաև այն մասին, որ աշխատավարձերը չեն ստացել նաև ֆիլմի ադմինիստրատիվ աշխատակիցները:Շարունակությունն՝ այստեղ:
***
ԻՊ-ի զինյալների կողմից սպանված լրագրողի գրքերը բեսթսելերներ են դարձել Ճապոնիայում
«Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից անցյալ շաբաթ սպանված լրագրող Կենձի Գոտոյի հեղինակած գրքերը բեսթսելերներ են դարձել Ճապոնիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնացի լրագրողի գրքերն անհետացել են խանութների դարակներից. Amazon.co.jp ինտերնետ-խանութի գրքերի բաժնում դրանք նշվել են որպես «թիվ 1 բեսթսելեր» եւ նույնպես ամբողջովին վաճառվել են: Chobunsha մանկական գրականության հրատարակչությունը, որը թողարկել Է Գոտոյի չորս գրքեր, գրախանութներից ստացված պատվերների հոսքի կապակցությամբ տեղեկացրել Է նրա ստեղծագործությունների լրացուցիչ հրատարակման մասին:
«Մենք կարող ենք միայն շարունակել պատմել այն մասին, թե ինչ Է լրագրող Գոտոն իրենից հետո թողել: Մեր պարտքն Է՝ շարունակել հրատարակել նրա գրքերը, որպեսզի երեխաները կարողանան դրանցից իմանալ, թե ինչ Է նա իրականում ցանկացել իրենց փոխանցել»,-ասված Է հրատարակության հաղորդագրության մեջ:Շարունակությունն՝ այստեղ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լսելի եղավ Մինսկի խմբի համանախագահներին. ՊՆ խորհրդական
Հայաստանը մեծ հույսեր և պատրանքներ չունի Ադրբեջանի քաղաքական ուղեգծի փոփոխության առումով, թեև 2015 թվականի հունվարը նշանավորվեց հատկապես միջազգային հանրության կողմից սահմանին տեղի ունեցող միջադեպերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը' վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահների Կրակովում արած հայտարարությունը: «Առաջին անգամ ուղղակի ասվեց, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա խաղաղ եղանակով հակամարտությունը կարգավորելու իր պատավորություններին: Հայաստանի Հանրապետությանը միայն կոչ արվեց, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն լարվածությունը մեղմելու համար: Սրանով Ադրբեջանն ուղղակիորեն ճանաչվում էր որպես նախահարձակ կողմ»,- ասաց ՊՆ խորհրդականը:
Հարությունյանի գնահատմամբ' այս հարցում մեծ դեր է ունեցել հունվարի 26-ին Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ժամանակ մի քանի կարևոր զգուշացումներ արվեցին հանրապետության նախագահի կողմից: Մասնավորապես, որ Հայաստանը չի հանդուրժի շարունակական կուտակումները սահմանին: «Կարծում եմ այս նախազգուշացումները լսելի եղան Մինսկի խմբի համանախագահների կողմից, և հունվարի 27-ին հնչեց նրանց վերոնշյալ հայտարարությունը»,- նկատեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ հակառակորդի գործողություններն անպատիժ չեն մնում: «Մենք պատերազմի չենք ձգտում: 1990-ականներին մեզ պարտադրվել է պատերազմ, որում մենք հաղթել ենք: Լուծել ենք այն խնդիրները, որոնք անհրաժեշտ էին լուծել պատերազմի ընթացքում և այսօր ցանկանում ենք հաստատել տևական խաղաղություն:
Հայկական կողմը մեծագույն զիջման գնաց 1994 թվականին հրադադար ստորագրելով: Այժմ էլ պատրաստ ենք փոխհամաձայնության ոգով բանակցային սեղանի շուրջ հասնել խաղաղ կարգավորման: Իսկ հակառակորդի գործողություններին մեր պատասխաններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են: Հակառակորդը իր ռեժիմի արկածախնդրությանը ստիպված է լինում հատուցել մարդկային մեծ կորուստներով »,- ընդգծեց նախարարի խորհրդականը:
***
Ռազմական ինստիտուտում կուրսանտի սպանության կապակցությամբ շուրջ 30 անձ կազատվի աշխատանքից
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ ինստիտուտի ղեկավարության, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների ղեկավարների կողմից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ, իմ հրամանով պաշտոնից ազատվելու է երեք տեղակալ, համալրման, զորքերի ծառայության և դաստիարակչական աշխատանքների համար պատասխանատու բաժանմունքների պետերը և մի շարք այլ անձնավորություններ՝ մինչև 30 հոգի, որոնց մի մասը կազատվեն զինված ուժերից, կնշանակվեն ավելի ցածր պաշտոնների և ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն զորքեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Օհանյանը:
Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ սպանությունը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների տիրույթում ծագած վիճաբանության արդյունքում: Նախարարը տեղեկացրեց, որ մինչ սպանությունը ինստիտուտում տեղի է ունեցել ոգելից խմիչքի օգտագործում մի քանի կուրսանտների կողմից, որից հետո վիճաբանություն է ծագել, որը եղել է նախկինում էթիկայի պահպանման հարցերի շուրջ' սպանվածի և մի շարք այլ կուրսանտների միջև: «Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ ծեծկռտուք է եղել, որին էլ արդեն հաջորդել է սպանությունը»,- պարզաբանեց նախարարը:
Նա հիշեցրեց, որ քրեական գործն արդեն հարուցված է և 4 կուրսանտ ձերբակալված է: «Բացի այդ, կան նաև ստորաբաժանումների հրամանատարներ, ովքեր պետք է վերահսկեին, սակայն դա չեն արել պատշաճ կերպով: Ծառայողական քննության արդյունքում բացահայտվել են բաղթողումներ, որոնք առաջին հերթին վերաբերում են դաստիարակչական աշխատանքներին»,- նշեց Օհանյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն՝ նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերում դաստիարակչական աշխատանքների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվում, որն արդեն տվել է դրական արդյունքներ:
«Այսօր կազմվել է հայրենիքի պաշտպանի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի համակարգ, որի շրջանակներում մենք լուրջ աշխատանք ենք տանում հատկապես միջանձնային հարաբերությունների խախտման, դրանց հետևանքով տարբեր պատահարների բացառման ուղղությամբ»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
***
Սեյրան Օհանյանը' Բերձորի միջադեպի մասին
Այսօր Արցախը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ պարտավոր է ի վիճակի լինել ահազանգելու ցանկացած ոտնձգության, որը իրականացվում է հակառակորդի կողմից: առաջին գծում կա լարվածություն, և մեր ուշադրությունը սևեռված է դրա վրա: Ասել, թե ինչու է հասարակական կազմակերպությունը գնում Արցախ' ներքին լարվածություն ստեղծելու՝ չափազանց դժվար է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ դատապարտելի են այն երևույթները, որոնք ուղղված են մարդու իրավունքների դեմ՝ համապատասխան ուժի կիրառմամբ, հատկապես, երբ այն ազատամարտիկի դեմ է ուղղված: «Բայց, միևնույն ժամանակ, իրենք պետք է հասկանան՝ արդյո՞ք պետք է գնալ, արդյո՞ք պետք է հավելյալ լարվածություն ստեղծել: Մենք մեկս մյուսի արժանապատվության հանդեպ փոխադարձ պատասխանատվություն պետք է կրենք, արժեքները պետք է պահպանենք»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Խոսելով մամուլում տեղ գտած տեղեկություններին մասին, թե Սեյրան Օհանյանն անձամբ այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին ու նրան երկու անգամ հորդորել՝ դադարեցնել ավտոերթը դեպի Ղարաբաղ՝ պաշտպանության նախարարը պատասխանեց, թե ինքը մշատապես հանդիպել ու հանդիպում է ազատամարտիկներին: «Մենք խոսում ենք համագործակցության մասին, ճիշտ որոշումներ ընդունելու, ճիշտ ուղղորդումների մասին, որպեսզի նման սխալներ չլինեն»,- ընդգծեց նա:
***
«ՀՀԿ-ն ո´չ հրավեր է ստացել, ո´չ էլ գնալու նպատակ ունի». Շարմազանովը՝ ԲՀԿ-ի խորհրդաժողով հրավիրելու մասին
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հարցին, թե ինչպես են վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդաժողով հրավիրելուն ասաց. «ՀՀԿ-ն ո´չ հրավեր է ստացել, ո´չ էլ գնալու նպատակ ունի: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը, ՀՀԿ-ն՝ իր»:
Շարմազանովը նշեց նաև, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերում ցանկացած քաղաքակիրթ միջոցառման, որն արվում է Հայաստանի ապագայի համար: