ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկություններն է փոխանցել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին: Այս մասին Օհանյանն ասաց հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Դեռ ավելին' մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում կարողացել են կանգնեցնել մարտական գործողությունները»,- ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմից նաև բացթողումներ են եղել:
«Մենք քննարկել ենք, եղել են տարբեր բացթողումներ և տարբեր թերություններ: Ասացեք մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ: Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն: Ճակատագրական սխալներ չեն եղել: Հանձնաժողովի հետ ջերմ քննարկում ունեցանք, այդ քննարկումների արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը կանի»,- նշեց նա:
Տեսանյութը՝ News.am-ի