Այսօր «Էրեբունի» հիվանդանոցում էին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Էլինար Վարդանյանն, ովքեր եկել էին տեսակցելու Ջրառատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվածներին: Սկզբում նրանց թույլ չէին տալիս տեսակցել հիվանդներին, այնուհետև՝ երբ իր աշխատասենյակից եկավ ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և տեսավ, թե ովքեր են ուզում տեսակցել նրանց, անմիջապես թույլատրեց:
Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիվանդների վիճակը նորմալ է: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ի՞նչ էին պատմում վիրավորները դեպքի մասին, Օհանյանն ասաց՝ այդքան չեն խոսել, մանրամասներ չեն պատմել: Մեր հարցին՝ զրուցե՞լ է Լյովա Երանոսյանի հետ, Օհանյանը նշեց՝ առաջին միջադեպի ժամանակ է զրուցել, հիմա՝ ոչ: «Լյովա Երանոսյանի հետ խոսակցություն ենք ունեցել առաջին միջադեպի ժամանակ: Մենք, անկասկած, ցանկանում ենք, որպեսզի այս խնդիրները հարթվեն»,- ասաց նա:
Արդեն տեղեկացրել ենք, որ միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը հայտարարեց, որ ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար և հաշտվել։
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում
Քրիստինա Աղալարյան