«Այդպիսի որոշումներն ընդունվում են ռազմաքաղաքական մակարդակում, և երբ կլինի այդ որոշումը, մենք կտեղեկացնենք: Ինչո՞ւ եք ժամանակից շուտ ինչ-որ հարցեր տալիս»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը որևէ տեղեկություն ունի՞ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին ՀՀ Պնախարար նշանակելու մասին:
Լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ԼՂՀ պաշտոնյաները հետագայում տեղափոխվում և բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում՝ բերելով նաև նրա օրինակը, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ես ինքս ի՞նձ եմ նշանակել պաշտոնի: Իմ աշխատանքի, ծառայության ընթացքում՝ սկսած վաշտի հրամանատարի պաշտոնից, ես երբևիցե որևէ մեկից պաշտոն չեմ խնդրել: Կողքից նկատել են, և ծառայողական աստիճաններով աճը զինվորականներիի կյանքում հիմնականում իր գործունեության և խրախուսանքի ուղղությունն է: Զինվորական ծառայության ընթացքում այսօր մենք բարձր պաշտոնների ենք նշանակում նրանց, ովքեր իրենց դրսևորում են որպես բանիմաց մասնագետներ, և ամենակարևորը՝ լավ կազմակերպիչներ»:
Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում