ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հասարակության մեջ ավելի հայտնի «Ճոյտ» մականվամբ), սցենարով ու պրոդյուսերությամբ նկարահանված ֆիլմի շուրջ աղմուկը չի դադարում:

 

Ֆիլմը նկարահանվել է Արագածոտնի մարզի Հակո գյուղում, որը հիմնականում բնակեցված է եզդիներով: Այս փոքրիկ գյուղն իրականում կենցաղային խնդիրներ շատ ունի՝ կապված ճանապարհների, աշխատանքի բացակայության, տների հետ: Բնակչությունը չափազանց փոքրաթիվ է՝ մոտ 15 ծուխ:

 

Երբ գյուղացիներն իմացել են, որ իրենց գյուղում պատրաստվում են ֆիլմ նկարահանել, և իրենք, թեպետ փոքր, բայց շահույթ կարող են ունենալ, սիրով համաձայնվել են աջակցել նկարահանման աշխատանքներին: Գյուղացիներին Հակոբ Հակոբյանը՝ իր աշխատակիցների միջոցով, խոսք է տվել վճարել կատարված աշխատանքի դիմաց, սակայն ֆիլմն արդեն պատրաստ է, իսկ վճարումներն այդպես էլ չեն կատարվել:

 

Մենք տեղեկություն ունենք նաև այն մասին, որ աշխատավարձերը չեն ստացել նաև ֆիլմի ադմինիստրատիվ աշխատակիցները:


Լուրեր.com-ի լրագրողը կատարվածի մասին զրուցեց գյուղապետ Սերյոժա Չարչոյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունն այն մասին, որ գյուղի բնակչությունը տուժել է ֆիլմի նկարահանումների պատճառով.

 

«Պատեր են եղել, որ նկարահանումների ընթացքում քանդվել են, խոստացել էին վերանորոգել, չեն արել, պատուհանները վնասվել էին, բայց դրանց դիմաց ևս չեն հատուցել: Ահագին թերություններ թողել են: Խաբել են գյուղացիներին, իրենց համար աշխատել են, բայց փողերը չեն տվել, ճանապարհները քանդված են, խոստացել էին գոնե մի քանի մեքենա ավազ լցնել, չարեցին»,- ասաց գյուղապետը:

 

Մենք զրուցեցինք նաև գյուղի բնակիչ Համլետ Բուչնովի հետ, ով նույնպես աջակցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին, սակայն խոստացված գումարը չի ստացել.

 

«Կինոն նկարահանեցին, իրենց զրթուզիբիլը թողեցին գյուղում, մոտ 15-20 կով սատկեց այդ ընթացքում, ինչ ասեցին, չարեցին: Տուն քանդեցին, ասեցին՝ կսարքեն, ոչ մի սարքել, գյուղին եքա վնաս տվեցին: Անձամբ ինձ էլ ռոճիկ խոսք տվեցին, բայց չտվեցին: Վերջում էլ Հակոբ Հակոբյանին էլ զանգեցի, գումարս ուզեցի, բայց ինձ էդպես էլ խոստացած 150 000 դրամ գումարը չտվեցին»:

 

Համլետ Բուչնովը նաև տեղեկացրեց, որ գյուղի բոլոր բնակիչներն օգուտի փոխարեն տուժել են, ինչն էլ վրդովմունքի պատճառ է հանդիսացել:

 

Խոսվում է նաև այն մասին, որ Հակոբ Հակոբյանը ցանկացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմով հեղինակություն ձեռք բերել, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններին մանդատ ստանա, թեպետ արդեն խոսվում է նաև ֆիլմի պրեմիերայի չկայանալու մասին. հնարավոր է այն առգրավվի:

 

Ի դեպ, ֆիլմում նկարահանվել է նաև Հակոբ Հակոբյանի թոռնուհին՝ փոքրիկ Ռիտան:


Չրապարակված կադրեր՝ «Հիշողություն» ֆիլմից


Ն.Ա.