«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Սպարապետի 56-ամյակին ընդառաջ Մանվել Գրիգորյանը՝ Վազգեն Սարգսյան մեծության մասին և ավելին
Վազգենի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետև բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ընդառաջ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Հարգարժան գեներալ, նախ կխնդրեմ բնորոշել Վազգեն Սարգսյանին՝ ո՞վ էր Վազգեն Սարգսյանը, ո՞րն է նրա մեծագույն գործը։
-Չեք պատկերացնում, թե ինչ բարդ հարց եք տալիս։ Վազգենի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետև բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Վազգեն Սարգսյանը հայոց ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր, ամենանշանակալի դեմքերից է։ Սպարապետն այն մարդն է, որ հարյուրամյակների պարտություններից և կորուստներից հետո հայ ազգին հաղթանակներ բերեց։
Ժողովրդի պահանջով Սպարապետը կարողացավ միավորել երկրապահ ջոկատները, կարողացավ Արցախյան ինքնապաշտպանական պատերազմն այնպես հմտորեն կազմակերպել, որ ոչ միայն հաղթեցինք, ոչ միայն հրադադար պարտադրեցինք մեզ պատերազմ պարտադրած թուրքին, այլև հայրենի տարածքներ ազատագրեցինք երևի Տիգրան Մեծից հետո առաջին անգամ։ Սպարապետը ստեղծել է Երկրապահ կամավորականների միությունն ու հայոց բանակը։ Ուշադրություն դարձրեք՝ մեր պետության մեջ սրանք ամենակայացած կառույցներն են։
Սպարապետը հզոր ազգային, պետական, քաղաքական գործիչ էր։ Նա հրաշալի մարդ էր, հրաշալի ընկեր և բարեկամ, հայ ավանդապաշտ ընտանիքի հրաշալի զավակ։ Սպարապետը մեծ հայ է, բոլոր ժամանակների մեծերից մեկը։Շարունակությունն՝ այստեղ:
***
Մալաթիայում երիտասարդների միջև ծագած վեճի ժամանակ կրակոցներն արձակվել են պնևմատիկ ատրճանակից
«Մալաթիա» թաղամասի Շրջանային փողոցում գտնվող այգում մարտի 3-ին մի խումբ տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչած կրակոցներից մի երիտասարդ է վիրավորվել: «Արձակված կրակոցները հրազենից չեն եղել, այլ պնևմատիկ ատրճանակից: Ավելի ուշ ես լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեմ այդ կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը
Մի շարք լրատվամիջոցներով ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Մալաթիա» թաղամասի Շրջանային փողոցում մի խումբ տղաների միջև ծագած վիճաբանության ժամանակ մի երիտասարդ է վիրավորվել, ով աչքի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Իրենց թրքությունը ցույց պիտի տա՞ն, թե՞ չէ. Սեյրան Սարոյանը' ապրիլ ամսին սահմանին սպասվող լարվածության մասին
Պատերազմ է, պատերազմը երբեք չի պրծել, թուրքը կարա՞ հանգստանա, Ցեղասպանության օրերը մոտենում են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ երկու ամսվա ընթացքում սահմանին արդեն 15 զոհ ունենք:
Լրագրողների այն հարցին, որ հնարավո՞ր է ապրիլ ամսին իրավիճակը սահմանին ավելի սրվի, Սեյրան Սարոյանն ասաց. «Ապրիլի կողմերը մենք էլ ենք սպասում, ինչքան օրերը մոտենում են, այնքան ավելի ենք սպասում: Իրենց թրքությունը ցույց պիտի տա՞ն, թե՞ չէ »,- ասաց Սարոյանը:
Լրագրողների այն հարցին՝ հնարավո՞ր է ռազմական գործողություններ սկսվեն, Սարոյանն ասաց. «Ինձ չի թվում ռիսկ կանեն պատերազմ սկսել: Իրենց մոտ էլ ներքաղաքական վիճակը շատ ծանր է»:
***
Զարուհի Փոստանջյանը' Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմից բերված «կադրերի» մասին
«Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով՝ քանի գնում, ես ավելի եմ համոզվում, որ ապաշխարհության և մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեև ուշացած, բայց ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բերելու և ձեր վզին փաթաթելու համար»,- Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը մեջբերելով այսօր ԱԺ-ում «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը քննարկելու ժամանակ իր ելույթը սկսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ խոսքի ազատության սահմանափակման դեպքերը, Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի տանից դուրս չգալը, Տեր-Պետրոսյանի կողմից բերված «կադրերին»:
***
ԲՀԿ նոր ղեկավարը կլինի Նաիրա Զոհրաբյանը. Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա տեղեկացրեց, որ կուսակցության համագումարի ընթացքում կընտրվի նոր նախագահ:
«Մենք քննարկել ենք կուսակցության նոր ղեկավարի հարցը: Այլ թեկնածու, բացի Նաիրա Զոհրաբյանից, չկա: Ես կարծում եմ, որ Զոհրաբյանի թեկնածությունն անպայման կպաշտպանվի: Համագումարից հետո կլինի նաև քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի նաև կուսակցության ղսեկավարի տեղակալի հարցը»,- նշեց Մելքումյանը:
Մելքումյանը հայտնեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և առժամանակ կհեռանա քաղաքականությունից: «Ես կարծում եմ, որ նա առժամանակ կհեռանա քաղաքականությունից»,- ասաց պատգամավորը:
***
Վարդան Օսկանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացնել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը ցանկանում է լքել ԲՀԿ-ն:
«Ես որքան տեղյակ եմ, Վարդան Օսկանյանը կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել: Նա ընդամենը ցանկանում է պատգամավորական մանդատը վայր դնել, սակայն կուսակցությունը լքելու մասին նա դեռ չի հայտարարել»,- ասաց պատգամավորը:
«Նա կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել, նշանակում է՝ նա իր գործունեությունը շարունակելու է կուսակցությունում և իրականացնելու է իր խնդիրները»,- հայտարարեց Մելքումյանը՝ վստահեցնելով, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:
***
Սեյրան Օհանյանն ընդունել է մեկ տասնյակից ավելի քաղաքացիների
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ:
Հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Վերջիններս խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին սոցիալական, կադրային և առողջական հարցերին և ոլորտներին:
Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ծանոթանալով քաղաքացիների հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումները' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Բարձրաձայնված խնդրանքների զգալի մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տվեց դրական ընթացք, իսկ ընդունելությանը ներգրավված քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում: