«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Անցնող շաբաթը՝ սահմանին
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն' մարտի 8-ից 14-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:
Հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 նռնականետեր:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
***
Տուժողը հրաժարվում է ցուցմունք տալ պաշտոնատար անձանց կողմից բռնության է ենթարկվելու մասին
Տուժողն ահազանգում է, որ պաշտոնատար անձանց կողմից բռնության է ենթարկվել, սակայն հրաժարվում է ցուցմունք տալ:
2014 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել այդ պահին ոստիկանության բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թ.-ն և հայտնել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Թ.-ն հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում և բացատրություն տալուց: Հետագայում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Թ.-ն անգամ տուժող ճանաչվելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել քրեական գործով տուժող Արմեն Թ.-ի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
***
Նախագահն այսօր պաշտոնապես հավանություն է տալու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Ընդլայնված ձևաչափով այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրային խորհրդի հանձնաժողովների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի և խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներ, կոլեգիայի անդամներ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը՝ Հանրային խորհրդի տասներկու ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքները, ՀԽ փոքր խորհրդի նիստերի, ինչպես նաև խորհրդի լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերն ու կայացված որոշումները, հասարակական հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարություն և պետական գերատեսչություններին ուղղված դիմումները, առաջարկներն ու որոշումները: Հանրային խորհրդի նախագահը խոսել է նաև իր ղեկավարած կառույցի առաջիկա երկու տարիների ծրագրերի մասին: Շարունակությունն՝ այստեղ:
***
«Արմավիր» ՔԿՀ-ի՝ ժամեր առաջ նշանակված պետ Տիգրան Նավասարդյանի առաջին ձեռքբերումը
Մարտի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Թեև նշանակման պահից դեռևս ժամեր են անցել, բայց նորանշանակ պետն արդեն իսկ որդեգրել է ՔԿՀ-ի բարելավմանն ուղղված քաղաքականություն:
Տիգրան Նավասարդյանն իր բազմամյա ծառայության ընթացքում միշտ էլ աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ, աշխատանքին ամբողջությամբ նվիրվելու մեծ պատրաստակամությամբ և անհատական բարձր որակներով:
ՔԿՀ-ում այսօր իրականացվել է լայնածավալ ծառատունկ՝ ավելի քան 300 բարդի է տնկվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական հատվածի շրջակայքում: Ծառատունկի նպատակը տարածքն ավելի կանաչապատ և ավելի բարեկարգ դարձնելն է եղել:
Տիգրան Նավասարդյանի խոսքով՝ ինքը ծառայություն իրականացնում է ամեն օր՝ առանց առիթի և առանց ակնկալիքի և չի կասկածում, որ իր աշխատանքով կարճ ժամանակվա ընթացքում ՔԿՀ դատապարտյալները և հասարակությունը կզգան դրական առաջընթաց:
Նշենք նաև, որ ծառատունկին են մասնակցել ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող 84 դատապարտյալ և իրենց լուման ներդրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բարեկարգման գործում:
***
Ծովասարի գյուղամիջյան ճանապարհին մեքենա է կողաշրջվել
Ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենան Ծովասարի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատ վության վարչությունից, դեպքի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ որևէ մեկը չի կարող դերակատարում ունենալ». ՀՀ ԱԳ նախարար
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը համապատասպանում է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի շահերին: Բայց, ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է սլովենական «Dnevnik» օրաթերթի հետ հարցազրույցում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցն ամբողջությամբ:
Լրագրող` Ալեշ Գաուբ. Ձեր երկիրը Կովկասում շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Կարո՞ղ եք ներկայացնել ինձ, թե որքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար:
Էդվարդ Նալբանդյան. Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ ամուր պատմական կապեր: Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը:
Ալեշ Գաուբ. Ես այս հարցն ուղղում եմ, քանի որ Ռուսաստանը ձեր սահմաններին ունի երկու տարբեր հակամարտություններ, չլուծված խնդիրներ... սպառազինություն է վաճառում ձեր դե ֆակտո թշնամուն' Ադրբեջանին: Այդ իսկ պառճառով հետաքրքիր է, թե ինչպես է այս փաստը ազդում Մոսկվայի հետ ձեր հարաբերությունների վրա:Շարունակությունն՝ այստեղ: