«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Սերժ Սարգսյանը հայ դիվանագետներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դիվանագետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ:

 

 

Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը:

 

 

Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք՝ դիվանագետներդ, ձեր կարևոր նպաստն եք բերել միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին:

 

 

Այսօր էլ ձեր առջև բազում են մարտահրավերները, հետևաբար մեծ են նաև ձեզնից ակնկալիքներն ու պահանջները: Ձեզ տրված առաջադրանքներն ու հանձնարարականներն իրականացնելու համար պահանջվում է ամենօրյա, հաճախ՝ ամենժամյա աշխատանք, երբեմն՝ առանձնակի դժվարին և թեժ պայմաններում: Այս պահին ևս Սիրիայում և Իրաքում ընթացող դժվարին գործընթացների պայմաններում պատվով իրենց առաքելությունն են իրականացնում հայ դիվանագետները:

 

 

Հայրենասիրությունը, անձնվիրությունը, նպատակասլացությունը, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները ձեր աշխատանքի հաջողության, մեր ժողովրդի նպատակների իրականացման կարևոր գրավականներն են:

 

 

Հարգելի՛ դիվանագետներ,

Վերստին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ ձեր աշխատանքում՝ ի նպաստ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դիրքերի և հեղինակության հետագա ամրապնդման»:

 

 

 

***

 

 

 

Հետաքննության վարկածով՝ Նեմցովին սպանողները պրոֆեսիոնալներ չեն եղել

 

 

 

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նոմցովի դեմ մահափորձը, որը սպանվել է Մոսկվայի կենտրոնում, կարող էին կատարել ոչ պրոֆեսիոնալ անձինք: Այդ մասին վկայում է հանցագործության բալիստիկ փորձաքննությունը, մարտի 2-ին գրում է «Կոմերսանտ»-ը, հղում անելով իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրների, տեղեկացնում է «Արմենպրես»- ը:

 

 

Փորձագետները պարզել են, որ Նեմցովի վրա կրակել են թիկունքից, ընդսմին նրան դիպել են արձակված վեց փամփուշտներից չորսը: Դրանցից մեկը խոցել է սիրտը, այդ վերքը մահացու է եղել:

 

 

Հրաձգության վայրում մնացած պարկուճները հարցերի տեղիք են տալիս. հանցագործն օգտագործել է 9 միլիմետր տրամաչափի փամփուշտներ, որոնք տարբեր ժամանակներում թողարկել են տարբեր գործարաններ: Փորձագետների կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ հանցագործը խնդիրներ է ունեցել զինամթերքի ձեռքբերման հարցում:

 

 

Մարդասպանը կարող էր օգտագործել Մակարով ատրճանակ կամ «Իժ» գազային ատրճանակ, որը վերասարքվել Է մարտական փամփուշտներով կրակելու համար: Հետաքննության կարծիքով՝ մարդասպանը, ամենայն հավանականությամբ, իսկույն ազատվել է զենքից՝ այն նետելով գետը:

 

 

Ընդհանուր առմամբ, սպանության եղանակը, զենքը, զինամթերքը եւ այլ հանգամանքներ, իրավապահ մարմինների աղբյուրների խոսքով, վկայում են այն մասին, որ հանցագործությունը, հավանաբար, կատարվել է ոչ պրոֆեսիոնալ անձանց կողմից, որոնք կարող էին նույնիսկ չիմանալ իրենց զոհի անունը:

 

 

Բորիս Նեմցովը գնդակահարվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայում: Անհայտ անձը կամ անձինք ատրճանակից կրակ են բացել քաղաքական գործչի վրա, երբ նա իր ծանոթուհու հետ անցնում էր Բոլշոյ Մոսկվորեցկի կամուրջով: Կրակողները եղել են սպիտակ գույնի ավտոմեքենայում: Նեմցովը ստացած վերքերից մահացել է տեղում:

 

 

Քաղաքական գործչի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել «Սպանություն» եւ «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով, ոստիկանությունը փնտրում է հարձակվողներին: Հետաքննությունը դիտարկում է տեղի ունեցածի մի քանի վարկած: Այսպես, սպանությունը կարող էր լինել սադրանք երկրի քաղաքական իրադրությունն ապակայունացնելու համար:

 

 

Ըստ այլ վարկածի՝ այդ գործում կարող էր լինել «իսլամա-ծայրահեղական հետք»՝ կապված Փարիզում Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի խմբագրության աշխատակիցների գնդակահարման կապակցությամբ Նեմցովի դիրքորոշման հետ: Բացառված չէ նաեւ, որ սպանությունը կարող էր կապված լինել ներուկրաինական հակամարտության, Նեմցովի առեւտրային գործունեության կամ նրա նկատմամբ անձնական թշնամանքի հետ:

 

 

Ինչպես հաղորդել է ՌԲԿ-ն, Նեմցովի սպանության գործով քննչական խումբը գլխավորել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի առանձնապես կարեւոր գործերի գծով ավագ քննիչ Իգոր Կրասնովը, որն զբաղվել է աղմկահարույց գործերով, որոնց ֆիգուրանտները եղել են ազգայնամոլներ:

 

 

 

***

 

 

 

ԵԺԿ-ի քաղաքական համաժողովում կքննարկվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը

 

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել:

 

 

Արմեն Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:

 

 

 

***

 

 

 

15 հոգով կրակ են բացել «Վիլիս»-ի ուղղությամբ. մանրամասներ փետրվարի 28-ի դիվերսիայի մասին. Yerkir.am

 

 

 

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:

 

 

 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն' մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր' այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու: Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին' Հայկ Բարոյանը: Հակառակորդի' մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ' բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն' հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա' Աղեկյանը:

 

 

 

Yerkir.am-ի տեղեկություններով' 20-ամյա Հայկ Բարոյանը ծնունդով Լոռու մարզի Սարչապետ գյուղից էր, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել և բնակվում էին Տաշիրում:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 

***

 

 

 

 

Սահմանին լարվածությունը միջինից բարձր է. Արծրուն Հովհաննիսյան

 

 

 

 

Հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին վերջին 3 օրվա ընթացքում լարվածության մակարդակը 3 անգամ բարձրացել է:

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ներկա դրությամբ սահմանի լարվածությունը համեմատաբար նվազել է: Դա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը սովորաբար ակտիվանում է երեկոյան եւ գիշերը: Վերջին երեք գիշերները հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին գրանցվել է լարվածության մեծացում:

 

 

Երկուսից-երեք անգամ շատացել է կրակոցների թիվը եւ եթե համամետական անցկացնենք, ապա սահմանին լարվածությունը միջինից բարձր է»,- ասաց Հովհաննիսյանը' հավելելով, որ սահմանի ն կանգնած հայ զինվորը շարունակում է վերահսկել իրավիճակն ու հակառակորդին պարտադրել խաղաղություն:

Արծրուն Հովհաննիսյան, հայ-ադրբեջանական սահման, հակառակորդ

 

 

 

***

 

 

 

 

Մոսկվայում տաքսու հայ վարորդը սպանել է Ավստրալիայի քաղաքացու

 

 

 

Մոսկվայի հարավ-արևմուտքում տաքսու հայ վարորդը դանակի հարված է հասցրել ուղևորին՝ Ավստրալիայի մի քաղաքացու:

 

 

Ինչպես «ԲալտԻնֆոյի» թղթակցին հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը, երեկ՝ մարտի 1-ին, Մոսկվայի ժամանակով 10:25-ին, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են, որ կենտրոն ուղևորվող Hyundai Sonata ավտոմեքենայի սրահում կռիվ է ուղևորի ու վարորդի միջև: Ոստիկանները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն այն մեծացրել է արագությունը և փորձել է թաքնվել: Հինգ րոպե անց Նովոչերեմուշկինսկի փողոցում մեքենան արգելափակվել է, ու ոստիկանները մեքենայում հայտնաբերել են 32-ամյա մի տղամարդու՝ կրծքավանդակի և ազդրի շրջանում հասցված դանակի հարվածներով:

 

 

Ոստիկաններն անհապաղ շտապօգնություն են կանչել ու ձերբակալել Հայաստանի 54-ամյա մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել են վիրավորի դրամապանակն ու անձնագիրը, ինչպես նաև արյան հետքերով դանակը:

 

 

Վնասվածքներ ստացած տղամարդը, որը եղել է համատեղ խոշոր ձեռնարկություններից մեկի մենեջերը, շտապօգնության մեքենայում մահացել է:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Սպանություն» հոդվածով:

 

 

 

***

 

 

 

Զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է 3 անձ

 

 

 

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։

 

 

Մասնավորապես ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։

 

 

Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով), իսկ վաշտի ավագը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։

 

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 27.02.2015թ.՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:

 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

 

 

***

 

 

Ես այդ ելույթում որևէ նոր բան չեմ լսել. Վահրամ Բաղդասարյան

 

 

 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում որևէ նոր բան չի լսել: Վահրամ Բաղդասարյանը նաև այն կարծիքին է, որ հերթական հանրահավաքից հետո մարդիկ կրկին հիասթափություն են ապրել: «Ես այդ ելույթում որևէ նոր բան չեմ լսել: Հնչել են նույն հին ելույթները, հին առաջարկները: Ես կարող եմ ասել, որ սա նաև հանրահավաքի մասնակիցների կարծիքն է: Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո մարդիկ էլ ավելի են հիասթափվում, ինչի մասին խոսում էր նաև վերջին հանրահավաքի մասնակիցների թիվը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

 

 

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում որոշ ուժեր ոչ թե իշխանափոխություն են ցանկանում իրականացնել, այլ ընդդիմափոխություն՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ինքն արդեն մեկ անգամ ասել է, որ հիմա ընդդիմության շարքերում պայքար է գնում՝ ընդդիմադիրի թափուր տեղը զբաղեցնելու համար: «Սակայն ես ցավում եմ, որ այդ ամենը գնում է այսպես մրցավազքի, միմյանց վիրավորելու և նսեմացնելու ճանապարհով:

 

 

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք չենք կարողանալու ձևավորել այն քաղաքական և գաղափարական ընդդիմությունը, որը ցանկանում ենք: Ես նաև գնահատում եմ այն, որ նրանք արդեն հասկացել են, որ իշխանափոխության կոչերն անիմաստ են, հասկացել են, որ դրա լավագույն եղանակը սահմանադրական ճանապարհով գաղափարական ընդդիմություն ձևավորելն է: Սա շատ կարևոր հանգամանք է, որը ես ֆիքսել եմ ընդդիմության մի հատվածի կողմից: Սակայն այս ճանապարհը, որ նրանք որդեգրել են, չի կարող նրանց տանել ընդդիմադիր դաշտը լրացնելու իրենց նպատակին»,- ասաց Բաղդասարյանը:

 

 

Հարցին, թե Հանրապետականը ինչպե՞ս է պատկերացնում այդ նոր գաղափարական ընդդիմությունը, Բաղդասարյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում առավել կառուցողական ընդդիմություն եղել է ՀՅԴ-ն: «Գիտեք, ընդդիմություն լինել' չի նշանակում միայն հայհոյել: Ընդդիմություն լինել, նշանակում է ստիպել իշխանությանը հաշվի նստել իր հետ: Այսինքն՝ այն բոլոր արդյունավետ ծրագրերը, որ նրանք ունեն, կարողանան դնել իշխանությունների առջև, իսկ իշխանությունները հաշվի նստեն դրանց հետ:

 

 

Իշխանությունն ունի իր ծրագրերը, ընդդիմությունն՝ իր ծրագրերը, և դրանք հակաժողովրդական չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ընդդիմությունը փորձում է իրականացնել քայլեր, որոնք կարող են հանգեցնել իշխանության կործանմանը և իրենց իշխանության գալուն: Սա հակաժողովրդական և հակապետական գործելաոճ է և ընդունելի չէ ինձ համար: Իսկ երբ ընդդիմությունը ունի կառուցողական ծրագրեր, ներկայացնում է դրանք իշխանություններին, ստիպում է հաշվի նստել դրանց հետ, դա արդեն խոսում է այն մասին, որ ընդդիմությունը կառուցողական է: Երբ իշխանությունները չեն ցանկանում քննարկել ընդդիմության ներկայացրած արդյունավետ ծրագրերը, այդ դեպքում ընդդիմությունն իսկապես խոսելու և քննադատելու տեղ ունենում է»,- ընդգծեց Բաղդասարյանը:

 

 

 

***

 

 

 

Ողբերգական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 22-ամյա ուղևորը մահացել է

 

 

 

Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մարտի 1-ին' ժամը 02.50-ին, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը' ժ ամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը' 1993թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է:

Կատարվում է քննություն:

 

 

 

***

 

 

 

«Հանրապետականը» դատապարտում է Բորիս Նեմցովի սպանությունը

 

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Բորիս Նեմցովի մահվան կապակցությամբ և խստորեն դատապարտել վերջինիս սպանությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

 

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը և իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին և բարեկամներին: Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին և կպատժեն օրենքի ողջ խստությամբ»: