Mediamall.am լրատվական կայքը ամփոփում է օրվա իրադարձությունները.

 

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց:

 

***

 

Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում:

 

Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Ամբողջական նյութը՝ այստեղ:

 

***

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

 

Նշենք, որ Շուշան Սարդարյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակն է։

 

***

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ), Գագիկ Եղիազարյանի կալանքի ժամկետները երկարացվել է։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատավորը բավարարեց միջնորդությունները։ Նրանք ևս երկու ամիս կմնան կալանքի տակ։

 

***

Նախօրեին ՀՀԿ խոսնակն ամփոփել է ՏԻՄ՝ սեպտեմբերի 18-ի ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով իր կուսակիցների հաղթանակը համայնքների 76%-ում:

 

Մի կողմ թողնենք այդ հանգամանքը, որ այդ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից պակասը և գործընթացում գերիշխող են եղել ոչ թե քաղաքական ու ծրագրային մոտեցումները այլ բացարձակապես այլ գործոններ, որոնք որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ: Ավելի գլոբալ առումով դժվար է առհասարակ ընտրության մասին խոսել, որովհետև տասնյակ համայնքներում մրցակցություն չի եղել՝ մեկից ավելի թեկնածուների բացակայության հետևանքով:

 

Ի դեպ, «76%-անոց վստահությունը» դառնում է չարաբաստիկ մի ընդհանրություն: Հենց նույն սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի պետդումայի ճիշտ այդքան մանդատ է ստացել կառավարող կուսակցությունը, դարձյալ ընտրողների պասիվ մասնակցության ֆոնին: Հոդված ամբողջությամբ՝ այստեղ:

 

***

Շշուկներն այն մասին, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի փոխարեն ձևավորվելիք նոր կառավարությունում նախարար է նշանակվելու Լևոն Ալթունյանը, կարծես ճշտվում են, ու պարզվում է՝ օրերս Ալթունյանը Արմեն Մուրադյանի հետ եղել է Նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին՝ բռնելու նախագահականի քննությունը։ Այսպիսով՝ արդեն իսկ հաստատապես կարող ենք պնդել, որ Ալթունյանի պաշտոնական նշանակման հարցն օրերի խնդիր է:

 

Նախ մի քանի խոսք ապագա նախարարի մասին. Լևոն Ալթունյանը, բացի մասնագիտությամբ բժիշկ- անեսթեզոլոգ լինելուց, հանդիսանում է նաև ԱՊՊԱ ոլորտում մասնագիտացած «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, ու, ըստ տեղեկությունների, ունի նաև 25%-ի մասնաբաժին այդ ընկերությունում: Ավելորդ չի լինի նշել նաև այն, որ սույն ընկերությունն, ըստ որոշ տվյալների, պատկանում է Տիգրան Սարգսյանին, ով, ինչպես հայտնի է, ներկայումս հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Բացի այս ամենը՝ ապագա նախարարն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր առանձնահատկություն. նա Կարեն Կարապետյանի մտերիմներից է, մանկության ընկերն, ում Կարապետյանը անվերապահորեն վստահում է, ում հետ ընկերություն անում:

 

Այնպես որ, կարելի է արդեն իսկ ամրագրել, որ նոր կառավարությունում Ալթունյանը դառնալու է այն հերթական նախարարներից մեկն, ում մուտքը պետական կառավարման համակարգ տեղի է ունենում մասնավոր սեկտորից, ով Կարապետյանի վստահելիներից մեկն է, և ով, այսպես թե այնպես, ամուր կապերի մեջ է Մոսկվայի հետ: Իսկ հաշվի առնելով, որ մի քանի համընկնում մեկ տեղում ու այն էլ քաղաքականության մեջ զուտ ֆիզիկապես անհնար է, միտքը, որ Կարապետյանը հստակ հանձնարարականով է եկել Հայաստան,ավելի ու ավելի իրական է սկսում թվալ: Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

 

***

Երեկ Քննչական կոմիտեի Մարտունու բաժին բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետ Ռուբիկ Ղուկասյանը, ով ակնհայտորեն ապրում է քրեական բարքերով և ավելի շատ հայտնի է Ուդո մականունով: Ասում են՝ Ղուկասյանը մեղադրվում է ստորգետնյա խողովակների յուրացման գործով և ես հավատում եմ դրան՝ ՈՒդոյի կերպարը հաշվի առնելով, ու հատկապես հիմք ընդունելով այն տխուր օրինաչափությունը, որ մեր քաղաքապետերի ու գյուղապետերի մեծամասնության համար այս մեղադրանքը սովորական բան է դիտվում:

 

Այլ խնդիր է, թե ինչու են հիմա հիշել Ղուկասյանին, երբ նրա ողջ գործնեությունը խնդրահարույց է քրեական օրենսգրքի տեսանկյունից: Այս հարցի պատասխանը, ցավոք, դարձյալ լիովին տեղավորվում է մեր մենթալիտետային առանձնահատկություններում: Ուդոյի հանցագործությունները նախկինում հանդուրժվել, նույնիսկ խրախուսվել են, որովհետև նա իշխանության «մարդն է» եղել, իշխանության համար ընտրություն է կեղծել, ու նաև՝ «բարեխիղճ մուծվող» է եղել: Հիմա իրավիճակը փոխվել է: Իշխանությունը որոշել է հոկտեմբերի 2-ին այլ մարդու դարձնել Սևանի քաղաքապետ և վախեցնում է Ռ. Ղուկասյանին, ով, ի հեճուկս իշխանության ցանկության, առաջադրվել է, և փորձում է պահպանել իր պաշտոնը: Հայաստանն իրավական երկիր չէ: Մեզանում էլ մարդու հանցագործությունները ներվում են, երբ նա իշխանության մեջ է կամ նրա սիրելին: Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

 

***

Փաստը, որ երկրում, բայց հատկապես ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը պարզերից չէ, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. խառն են անխտիր բոլորը՝ ամենաազդեցիկներից մինչև վեցերորդական նշանակության քաղաքական ուժերն, ու հիմա գրեթե ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել վաղը: Այլ ձևակերպմամբ՝ քաղաքական դաշտը գտնվում է վերաձևավորման փուլում, երբ որոշվում է այն կարևորագույն հարցը, թե ով ինչ առաքելություն է իր վրա ստանձնելու:

 

Այս առումով, ինչ խոսք, հատկապես նախանձելի չէ «Դաշնակցության» վիճակը, որը, Կարապետյանի դաշտ մտնելով, հայտնվել է խիստ անորոշ վիճակում ու փորձում է հասկանալ՝ ինչ են ուզում իրենից:Բանն այն է, որ դաշնակցականների իշխանական խրախճանքը կարող է ամենամոտ ապագայում ընդհատվել, ու վերևներում որոշեն ընդդիմադիր դաշտ ուղարկել այս քաղաքական ուժին՝ ընդդիմանալու նրան, ով, ինչպես հայտնի է, բավական նուրբ խաղ է սկսել «Դաշնակցության» հետ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից: Հոդվածն

ամբողջությամբ՝ այստեղ։

 

 ***

 

168.am-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում արդեն որոշում է կայացվել, թե ով է փոխարինելու Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սեյրան Օհանյանի փոխարեն ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ում անունը մինչև վերջերս շրջանառվում էր որպես արտգործնախարարի ամենահավանական թեկնածու։ Թե ով կնշանակվի արտգործնախարարի պաշտոնում և արդյոք Էդուարդ Նալբանդյանն, ի վերջո, պաշտոնանկ կարվի՞, ինչպես պնդվում էր մինչև վերջերս, դեռևս հայտնի չէ։

 

Օրվա կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ինչպես նաև ժամանցային իրադարձություններին հետևեք Mediamall.am լրատվականի միջոցով: