ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն լուրը, թե շաբաթ օրը վարչապետ Փաշինյանն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի: Այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին:

 

«Տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում: Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել և այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի»,- գրել է Գևորգյանը:

Մանե Գևորգյանը նշել է, որ միշտ բաց է լրագրողների հետ շփումներում և որևէ հարցով իրեն չդիմելու որևէ հիմք չի տվել: Վարչապետի մամուլի խոսնակը գործընկերներին խնդրել է նրանց կայքերում հերքել ապատեղեկատվությունը: