«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը
Հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, վերջինիս կրակակետերը ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են. ԼՂՀ ՊՆ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են:
ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
***
Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ-ից
«Հարգելի՛ հայրենակիցներ, հայտարարությունս սկսում եմ նախ շնորհակալություն հայտնելով ճակատագրին, որ ինձ հնարավորություն տվեց տարիներ շարունակ աշխատելու ԲՀԿ-ի թիմում: Շնորհակալ եմ, որ երկրում իրավիճակ փոխելու արդար ու ազնիվ գաղափարով տոգորված ուս ուսի տված իմ թիմակից գործընկերների հետ միասին անցանք աննկարագրելի դժվար ու փշոտ ճանապարհ, որի ընթացքում, սակայն, ամենաբարդ իրավիճակներում զգացել ենք միասնության քաղցրությունը, իսկ հավատը միմյանց նկատմամբ ու մեր արած գործի հանդեպ նույնիսկ հուսահատության պահերին նոր շունչ ու նոր ուժեր է մեզ հաղորդել: Շնորհակալություն եմ հայտնում իմ նախկին ղեկավար' ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին այն հոգևոր արժեքների համար, որոնք և մեզ միաբանող առաջնային հիմքը դարձան ու անկախ ամենից միշտ կմնան յուրաքանչյուրիս մեջ:
Շնորհակալ եմ բոլոր մեր ընտրողներին հավատալու, մեզ օժանդակելու ու վստահելու համար: Հարգելիներս, կարևոր է, որ չհուսահատվեք ու իմանաք'ամեն ինչ դեռ առջևում է: Ցավոք, փետրվարյան իրադարձությունները երկրում իրավիճակ փոխեցին: Ցավոք, էլ չկան այն ուժն ու կարողությունը, որոնք հայաստանցիներին ու երկրագնդով մեկ սփռված մեր հայրենակիցներին տալիս էին հույս ու հավատ և ոգևորության առիթ էին: Սակայն անկախ ամենից, կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ապրել:
Մեր երկրը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի ահագնացող տեմպը, մենաշնորհների առկայությունը, ապօրինությունները, պետական կառավարման անարդյունավետությունը, իշխանությունների անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կենսակերպ ապահովելու անհնարինության նկատմամբ և բազմաթիվ այլ պրոբլեմներ կան ու մնալու են, եթե պայքարը չշարունակվի: Որպես մարդ, ով մինչև վերջ, նույնիսկ վերջից էլ ավել մնաց պայքարի էպիկենտրոնում, ով մնաց հավատարիմ այն քաղաքական կուրսին, որը որդեգրել և իրականացնում էր ԲՀԿ-ն, որը հիմա էլ ու սրանից հետո նույնպես մնալու է այդ համոզմունքների, քաղաքական կուրսի ու պայքարի մեջ' համարում եմ, որ այս նոր իրավիճակում անհրաժեշտ է այլ մարտավարություն, այլ ձևաչափ և այլ քայլերի իրականացում ոչ թե իրավիճակի հետ համակերպվելու, այլ իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու համար:
Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի: Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման: «Բարգավաճ Հայաստան» -ի իմ գործընկերները միշտ աչքի են ընկել բարձր մարդկային հատկանիշներով, հայրենասիրությամբ ու մեր երկիրը բարելավելու ցանկությամբ: Առաջ դեպի ապագա:
Հարգանքներով' Տ.Ուրիխանյան»:
***
Դիրքերում առանց պատրաստվելու զինվոր չկա. Առաքել Մովսիսյան
«Սահմանին ամեն ինչ նորմալ է, իրավիճակը՝ վերահսկելի, բանակն է զբաղվում այդ հարցով»,- Ազգային ժողովում՝ 1in.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Դիտարկմանը, թե մեկ օրում հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 4 վիրավոր, Առաքել Մովսիսյանը պատասխանել է. «Դուք մոռանո՞ւմ եք, որ 15-20 զոհ էլ իրենց ա, բա կռիվ ա, ի՞նչ եք ուզում լինի: Տա Աստված՝ դրանք չլինի, ես ցավակցում եմ զոհերի համար, հերոսաբար կռվում են»:
Տեսակետին էլ, թե ճիշտ չէ, որ սահմանին 18 տարեկան զինվորներն են կանգնում, պատգամավորը պատասխանել է. «Մենք էլ եղել 18-20 տարեկան էլի, մեր զինվորներն ավելի հզոր կռվող են, քան թե մենք, պատրաստվում են, նոր են տանում դիրքեր, առանց պատրաստվելու զինվոր չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում
***
«Արմեն Աշոտյանին այնքան հեշտ է խեղճացնել». Արամ Մանուկյան
ԱԺ-ում այսօր քննարկվեց «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու» և «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագծերի փաթեթը: Նախատեսվում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության ավելի բարձր շեմ:
Իր ելույթի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ասաց, որ խոսելու է կրթության շահերից և Արմեն Աշոտյանին վնասելու կամ ոչնչացնելու խնդիր չունի. «Ի սեր Աստծո, չսխալվեք: Ինձ համար գերակա արժեքը կրթությունն է: Արմեն Աշոտյանին այնքան հեշտ է ուրիշ հարցերում խեղճացնել: Միայն ես իրեն դատի կտայի նրա համար, որ այդ համակարգում, որպես նախարար, կուսակցական գործունեությամբ է զբաղվում: Այդքանը հերիք է»,- նախազգուշացնում է պատգամավորը:
Արամ Մանուկյանի կարծիքով՝ ծրագրի իրականացումը գրեթե անհնար է, քանի որ, չունենալով մեթոդը, ֆինանսները, ռեսուրսները, շենքային պայմանները, դասագրքային ռեսուսրը, չպետք է նման բարեփոխումների գնալ:
«Գաղափարը լավն է, իրականացնելը՝ այսօրվա վիճակով անհնար։ Ավագ դպրոցի ներդրումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե օգուտ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Մանուկյանը առաջարկեց հետաձգել օրենքը, քանի որ սա նման է մի բանի՝ երբ քաշ ես պատվիրում և այդ քաշը հնարավոր է՝ չբարձրացնես ու ճողվածք ստանաս. եկեք համակարգը այդպիսի փորձության չենթարկենք: Մեր խմբակցությունն առաջարկում է օրենքը հետ տանել և վերամշակել:
Հիշեցնենք, որ առաջարկվում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության ավելի բարձր շեմ: Այդ շեմը ձևակերպվելու է 12-ամյա տիրույթում:
***
Արամ Սարգսյան. «Վարչապետների ակումբը Հովիկ Աբրահամյանի համար հերթական PR ակցիա է»
Այսօր տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ հանդիպումը, որին չի մասնակցել ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը: Ստորև ներկայացնում ենք նախկին վարչապետի տարածած հաղորդագրությունը.
«Միշտ կողմնակից եմ եղել պետության և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումները հանդիպումների և քննարկումների միջոցով գտնելուն, այնուհանդերձ, վարչապետների ակումբի գաղափարը տեղին ու ժամանակին կհամարեի, եթե Հայաստանում խորհրդարանական կառավարում լիներ, եթե 200-300 տարվա պետականություն ունենայինք, եթե լինեին պատմության մեջ իրենց անունը գրած տասնյակ վարչապետներ՝ իրենց հաստատած ավանդույթներով, եթե նախկին ու ներկա իշխանությունների միջև գործեր պետականության գիտակցության գերակայությունը, եթե նրանք իրոք միմյանց ասելիք ունենային, ու այդ ասելիքը կարևոր լիներ հանրության համար:
Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին համարելով Հայաստանի Հանրապետության բոլոր խայտառակ ընտրությունների և դրանցում իրականացված կեղծիքների, պետական ունեցվածքի փոշիացման և թալանի, զբաղեցրած պաշտոնները սեփական նյութական ու քաղաքական նեղ շահերին ծառայեցնելու, օլիգարխիկ և քրեական համակարգի ձևավորման և խրախուսման պատասխանատուներից մեկը՝ չեմ հավատում նրա ազնիվ մղումներին ու անկեղծությանը, հետևաբար մերժում եմ նրա հրավերը:
Համոզված եմ, որ վարչապետների ակումբը Հովիկ Աբրահամյանի համար հերթական PR ակցիա է՝ ինչպես պաշտոնավարման առաջին օրից գիշերօթիկ գնալը, տարբեր հարցերով բողոքող ցուցարարներին հանդիպելը, խոստումներ տալը և չկատարելը:
Եվ ընդհանրապես՝ ո՞րն է նրա ստեղծած ակումբին անդամակցելու իմաստը: Ինքնարտահայտման խնդիր երբեք չեմ ունեցել, միշտ կարողացել եմ իմ ասելիքն ասել ու պաշտպանել, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական հարթակը համարում եմ ավելի բարձր ու արդյունավետ հարթակ՝ որոշումներ ընդունելու ու իրագործելու համար, քան վարչապետական որևէ ակումբ, որտեղ քննարկվող խնդիրները լուծման տեսակետից այնքան արդյունավետություն են ունենալու, որքան Հանրային խորհրդում քննարկվողները՝ առաջին վարչապետի գլխավորությամբ
: Հարգանքով վերաբերվելով ՀՀ վարչապետի պետական ինստիտուտին և այսօր հրավերին արձագանքած նախկին վարչապետների անկեղծ մղումներին, բարեկամաբար ասում եմ՝ հանգիստ վայելեք ձեր սուրճն ու թեյը, հուշեր պատմեք միմյանց՝ ո՞վ՝ ու՞մ, ե՞րբ՝ ի՞նչ ասաց, ինչպես փրկեց երկիրը՝ հակառակ բոլորի, ինձ կներեք, ես պարապ չեմ: Եվ վերջապես՝ ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»,-նշված է հաղորդագրությունում: