«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.





***



Նորք Մարաշում ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վնասազերծել են մինչև ատամները զինված 10 քաղաքացու՝ մեծ մասն արտասահմանցիներ. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք shamshyan.com

 

 

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

 

 

***

 

ԵԽԽՎ-ն պճնված կանանց կլուբ չէ

 

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի երեկվա խոսքից հասկացվում էր, որ մեր պատվիրակությունը մտադիր է բոյկոտել Վեհաժողովի հունվարյան նստաշրջանը: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանության այս որոշումը վերջնական չէ, ապա ամենահավանականն է:

 

 

Հունվարն այն ամիսն է, երբ լիագումար նիստի մակարդակով Ստրասբուրգում գուցե ամբողջանան ԵԽԽՎ երկու հանձաժողովներում՝ ԼՂ խնդրի շուրջ ընդունված երկու ոչ հայանպաստ բանաձևերը: Ասել կուզի, որ Նաղդալյանը երկու ամիս առաջ արդեն խոստովանում է հայկական դիվանագիտության անզորությունը:

 

 

Մեր պաշտոնական քարոզչությունը կզարգացնի այն թեզը, թե իբր ԵԽԽՎ-ն ենթարկվել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ազդեցությանն, ու Ստրասբուրգում անելիք չկա:

 

 

Այս թեզն իրականում կարճաժամկետ էֆեկտ ունի ու շատ վտանգավոր է, որովհետև, փաստորեն, պետական մակարդակով խոստովանվում է, որ պատերազմի ավարտից քսան տարի անց՝ հայկական դիվանագիտությունը փոշիացրել է հաղթանակի էֆեկտը:

 

 

Նույնքան վտանգավոր է նաև ԵԽԽՎ-ում կատարվածի ողջ պատասխանատվությունը թողնել Հերմինե Նաղդալյանի պատվիրակության ուսերին՝ չնայած, որ այս պատվիրակությունը գնալով վերածվում է պճնված կանանց կլուբի: Այնուամենայնիվ, այս թեզը վտանգավոր է, որովհետև սրանով փորձ է արվում մի ամբողջ իշխանության արտաքին քաղաքականության ձախողում վերագրել մի քանի մարդու:
Այն, ինչ կատարվում է Ստրասբուրգում, մեր արտաքին քաղաքականության որակի, ինքնուրույնության պակասի ու անգործության դրսևորում է:

 

 

Եթե ԵԽԽՎ նստաշրջանը բոյկոտելու որոշում կայացվի, ապա եվրոպական մայրաքաղաքներում մեծանալու է անվստահությունը Հայաստանի հանդեպ՝ բոլորի մոտ թարմացնելով մեր երկրի՝ 2013թ-ի սեպտեմբերի 3-ի եվրասիական ընտրության ծանր տպավորությունը: Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը բոյկոտելու Հայաստանի հնարավոր որոշումը միջազգային կենտրոններում վերագրվելու է ռուսական սցենարին, եթե նույնիսկ Կրեմլում տեղեկացված չլինեն իրենց եվրասիական կցորդի բոյկոտային տրամադրությունների մասին:

Սուրեն Սուրենյանց

 

***



Իրավիճակը՝ սահմանին


Նոյեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

 

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը: