ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի երեկվա խոսքից հասկացվում էր, որ մեր պատվիրակությունը մտադիր է բոյկոտել Վեհաժողովի հունվարյան նստաշրջանը: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանության այս որոշումը վերջնական չէ, ապա ամենահավանականն է:

 

Հունվարն այն ամիսն է, երբ լիագումար նիստի մակարդակով Ստրասբուրգում գուցե ամբողջանան ԵԽԽՎ երկու հանձաժողովներում՝ ԼՂ խնդրի շուրջ ընդունված երկու ոչ հայանպաստ բանաձևերը: Ասել կուզի, որ Նաղդալյանը երկու ամիս առաջ արդեն խոստովանում է հայկական դիվանագիտության անզորությունը:

 

Մեր պաշտոնական քարոզչությունը կզարգացնի այն թեզը, թե իբր ԵԽԽՎ-ն ենթարկվել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ազդեցությանն, ու Ստրասբուրգում անելիք չկա:

 

Այս թեզն իրականում կարճաժամկետ էֆեկտ ունի ու շատ վտանգավոր է, որովհետև, փաստորեն, պետական մակարդակով խոստովանվում է, որ պատերազմի ավարտից քսան տարի անց՝ հայկական դիվանագիտությունը փոշիացրել է հաղթանակի էֆեկտը:

 

Նույնքան վտանգավոր է նաև ԵԽԽՎ-ում կատարվածի ողջ պատասխանատվությունը թողնել Հերմինե Նաղդալյանի պատվիրակության ուսերին՝ չնայած, որ այս պատվիրակությունը գնալով վերածվում է պճնված կանանց կլուբի: Այնուամենայնիվ, այս թեզը վտանգավոր է, որովհետև սրանով փորձ է արվում մի ամբողջ իշխանության արտաքին քաղաքականության ձախողում վերագրել մի քանի մարդու:
Այն, ինչ կատարվում է Ստրասբուրգում, մեր արտաքին քաղաքականության որակի, ինքնուրույնության պակասի ու անգործության դրսևորում է:

 

Եթե ԵԽԽՎ նստաշրջանը բոյկոտելու որոշում կայացվի, ապա եվրոպական մայրաքաղաքներում մեծանալու է անվստահությունը Հայաստանի հանդեպ՝ բոլորի մոտ թարմացնելով մեր երկրի՝ 2013թ-ի սեպտեմբերի 3-ի եվրասիական ընտրության ծանր տպավորությունը: Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը բոյկոտելու Հայաստանի հնարավոր որոշումը միջազգային կենտրոններում վերագրվելու է ռուսական սցենարին, եթե նույնիսկ Կրեմլում տեղեկացված չլինեն իրենց եվրասիական կցորդի բոյկոտային տրամադրությունների մասին:

 

 

Սուրեն Սուրենյանց