«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն՝ ամփոփ.

 



Եռյակում խնդիրներ կան

 

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոստովանում է, որ Եռյակում խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ դեռևս այն ժամանակ, երբ ոչ իշխանական ուժերի համագործակցությունը խորհրդարանական ձևաչափից դուրս չէր եկել, օրակարգը միասնական էր:

 

«Երբ համագործակցությունն ընդլայնվեց և ստացավ միջկուսակցական մակարդակ, արդեն սկսվեցին խնդիրները: Եղան հակասական հայտարարություններ, որոնք արդեն խոսում էին միասնական օրակարգի բացակայության մասին: Միայն այն, որ Եռյակի անդամ քաղաքական ուժերի առաջնորդների ընդամենը մեկ եռակողմ հանդիպում է եղել, բավական է, որպեսզի այդ խնդիրները լինեն: Եթե Եռյակի լիդերներն ավելի լուրջ անցնեն գործի, կարծում եմ, որ այս շարժումը նոր թափ կստանա»,- ասաց Հակոբյանը և հույս հայտնեց, որ առկա խնդիրներն առաջիկայում կկարգավորվեն:

 

 

***

 

 

Արցախում զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

 

2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:

 

 

***
 
 
 
 
ԴԱՀԿ-ի աշատակիցը գումարներ է յուրացրել. ՀՔԾ
 
 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ կատարված ծառայողական քննության նյութերը:
 
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, պարզվել է, որ հարկադիր կատարողը 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար պարտապաններ Մանվել Մ.-ից գանձել է 40 հազար 863 ՀՀ դրամ, Արմեն Մ.-ից' 57 հազար 439 ՀՀ դրամ և Անուշ Հ.-ից' 138 հազար 100 ՀՀ դրամ, նրանց տվել է իր ստորագրությամբ և ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով' յուրացրել է:
 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

 

Հրդեհ Մաշտոցի պողոտայում. մահացել է տանտիրուհին

 

 

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից դեկտեմբերի 3-ին' ժամը 07.55-ին, հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:

 

Ժամը 08.50-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 4 շենքի թիվ 9 բնակարանից «3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Արմենուհի Ղահրամանյանը:

 

Հրդեհը մարվել է ժամը 08.45-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արմենուհի Ղահրամանյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ժամը 20.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արմենուհի Ղահրամանյանը ժամը 18.15-ին, գիտակցության չգալով, մահացել է:

 

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

«Չի կարող լինել որևէ պայմանագիր, որը կարող է սպառնալ մեր անկախությանը»

 

 

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը' Հայաստանի իշխանությունները նպատակ են հետապնդում ավելի ամրապնդել անկախությունը և պետականությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հակադարձելով հնչող տեսակետներին, թե ԵՏՄ-ում Հայաստանը կորցնում է պետականությունը:

 

«Չի կարող լինել որևէ պայմանագիր, չի կարող լինել որևէ համաձայնագիր, որը կարող է սպառնալ մեր անկախությանը: Հայաստանը շատ մեծ դժվարությամբ է ձեռք բերել անկախությունը և չենք կարող գնալ քայլերի, ստորագրել պայմանագրեր, որոնք կարող են սպառնալ այդ անկախությանը»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարվել ձեռք բերած անկախությունից:

 

 

***

 

 

Բացահայտվել է Երևանի բնակչուհու նկատմամաբ ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ. հոկ տեմբերի 31-ին' ժամը 17:00 -ի սահմաններում, երկու անձ մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ծեծի ենթարկել' պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա՝ հափշտակել նրան պատկանող ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի:

 

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տիկնոջ վրա հարձակվել են ՀՀ քաղաքացիներ Վ.Սեկոյանը և Ն.Մարությանը։ Վերջիններիս կողմից կիրառված բռնությունների հետևանքով Ռ.Երիցյանին պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի մազածածկ և դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ արյունազեղումներ, քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։ Կատարված հանցագործության հետևանքով տուժողին պատճառել են նաև առանձնապես խոշոր չափերի վնաս ՝ հափշտակելով ընդհանուր 3.720.000 ՀՀ դրամ արժողության զարդեր։

 

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ն.Մարությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Միաժամանակ, որոշում է կայացվել նաև Վ.Սեկոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը, և Վ.Սեկոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Միջոցներ են ձեռնարկվում Վ.Սեկոյանին հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

***

 

 

Հայկական դրամի արժեզրկումը կապված չէ ԵՏՄ-ին անդամակցությամբ. Սերժ Սարգսյան

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում.

«Հարգելի՛ գործարարներ գործատուներ և հյուրեր,

 

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններից մեկը. Հովիկ Աբրահամյան

 

 

Համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ներկայում ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը, հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նկատեց, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանի և ԵՏՄ-ի միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջ զարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների կողմից Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրի ստորագրմամբ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Սահմանին իրավիճակը վերահսկվում է զինված ուժերի հրամանատարության կողմից. Սեյրան Օհանյան

 

 

Սահմանին իրավիճակը զինված ուժերի ղեկավարության համար միշտ էլ վերահսկելի է եղել՝ չնայած, որ երբեմն այն լինում է լարված: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այս պահին սահմանին տիրող իրավիճակին:

 

«Սահմանային իրավիճակը զինված ուժերի ղեկավարության, ենթակա զորամասերի հրամանատարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության համար միշտ էլ վերահսկելի է եղել՝ թեկուզ այն լինում է լարված, կամ քիչ թուլանում է լարվածությունը: Այսօր միջին լարվածություն է, և վերահսկվում է զորամասերի հրամանատարների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նախարարը:

 

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ 2014թ. իրադրությունը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են արձագանքել ցանկացած իրավիճակի և սառնասիրտ որոշումներ կայացնել: «Եվ կարող ենք ոչ միայն պաշտպանողական խնդիրներ իրականացնել, այլ նաև որոշ դեպքերում, կանխարգելիչ պարտադրող քայլեր, որոնք զսպման մեխանիզմ են հանդիսանում հակառակորդի համար»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: